Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի բուժկենտրոնը՝ հակահիգիենիկ սանհանգույցով, փտած պատերով ու հին սարքավորումներով

Ապրիլ 21,2017 15:30

Աշտարակի բժշկական կենտրոնի նախորդ դարի 50-ականներին կառուցված մանկական բաժանմունքի շենքը մինչ օրս երբեւէ չի վերանորոգվել: Այստեղ սենյակները կիսավեր են, պատերից հոսանքալարերը պոկված ու դուրս ընկած, պայթյունավտանգ վիճակում են: Հիվանդասենյակների երկաթյա մահճակալները կիսաքանդ, ժանգոտած են, պատերը՝ խոր ճաքերով, ծեփերը թափված են, եւ չկա մի սենյակ, որը հիվանդանոցին վայել վիճակում լինի: Եվ այս խոնավ ու ավերակ հիշեցնող հիվանդասենյակներում երեխաներ են բուժսպասարկում ստանում:

Բուժկենտրոնի մանկական պոլիկլինիկայի սենյակների պատերը, ինչպես բուժաշխատողներն ասացին, առողջապահական պաստառներով են «վերանորոգել». պաստառները փակցրել են կիսափլված, խոնավությունից բորբոսած ու ծեփերը թափված պատերին, որպեսզի այդ ամենը քողարկեն:

Բուժկենտրոնի գրեթե բոլոր հիվանդասենյակներն ու մասնագիտական սենյակների պատերը, հատակն ու գույքը մաշված են, սարքավորումները շատ հին՝ 80-ականների, որոշներն էլ՝ 90-ականների, սանհանգույցներն ու խոհանոցը կրկին ավերակ ու հակահիգիենիկ վիճակում են:

Աշտարակի բուժկենտրոնը սպասարկում է մոտ 30 համայնքի բնակիչների: Բուժկենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ պոլիկլինիկան օրական 120 հիվանդ է սպասարկում, իսկ ընդհանուր հիվանդանոցը՝ 180: Հովհաննիսյանն ասում է՝ բուժկենտրոնի տարեկան բյուջեն մոտ 350 միլիոն դրամ է, սրա 80%-ը աշխատավարձի գումարն է, մնացածը՝ դեղորայք եւ պահպանման ծախսեր, որը չի բավականացնում նորոգման համար: Տնօրենն ասում է՝ գրեթե բոլոր սարքավորումները հին են, եւ նորերի կարիք ունեն, թեեւ նաեւ վստահեցնում է՝ եղածով էլ կարողանում են անհրաժեշտ բուժօգնություն մատուցել:


Տնօրենի խոսքով՝ բարերարների աջակցությամբ եւ միջազգային ծրագրերով մի քանի բաժանմունքներ վերանորոգել են, մի քանի նոր սարքավորումներ ստացել. «37 միլիոն դրամ է պետք, որպեսզի 2-րդ մասնաշենքի 3-րդ հարկը նորոգենք ու մանկական բաժանմունքը տեղափոխենք այդտեղ, բայց առայժմ ֆինանսավորում չկա: Իսկ միայն շենքերի վերանորոգման համար մոտ 150 միլիոն դրամ է պետք, հաշվարկել ենք»: Տնօրենն ասում է, որ այս հիվանդանոց վարչապետներից որեւէ մեկը ոտք չի դրել, իսկ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը մի անգամ այցելել է, խոստացել էր նորոգման հարցը լուծել, բայց այդպես էլ ասածը խոստում մնաց:
Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը բուժհիմնարկի խնդիրներից տեղյակ է. «Առաջարկել եմ կամ հավատարմագրային կառավարման տալ, կամ մասնավորեցնել: Վարչապետը համաձայնեց»:


Պետրոսյանն ասում է՝ բուժկենտրոնի օպտիմալացման վերաբերյալ քննարկումներ եղել են, սակայն դեռեւս վերջնական համաձայնություն չկա, բայց որ մարզի բուժկենտրոններից Աշտարակինն ու Ծաղկահովիտ համայնքինը առաջնահերթ նորոգման կարիք ունեն՝ արդեն վաղուց ոլորտի պատասխանատուները տեղյակ են: Տեղյակ են ու 10 տարուց ավելի է՝ մարդկանց պատշաճ պայմաններում բուժսպասարկում ապահովելու համար պետական համապատասխան պաշտոնյաները գումար չեն հատկացնում:


ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930