Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջ Պարոդի. «Խաչատրյանի մրցույթը բարձր համարում ունի միջազգային ասպարեզում»

Ապրիլ 21,2017 13:30

Հունիսի 6-ին, ինչպես ամեն տարի, կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Օրը, ի դեպ, պատահական չէ ընտրված։ Հունիսի 6-ը հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն է։ Խաչատրյանական մրցույթն այս տարի կանցկացվի 13-րդ անգամ։ Ուշագրավ է, որ մրցույթը տարեցտարի ընդլայնում է իր մասնագիտական ուղղությունները։ 2016-ին առաջին անգամ այն անցկացվեց դիրիժորություն մասնագիտությամբ, իսկ այս տարի արդեն դարձյալ առաջին անգամ երաժշտական այս իրադարձությունը տեղի կունենա վոկալ անվանակարգում։ Նախորդ տարիներին մրցույթն անցկացվել է դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով։

Խաչատրյանի մրցույթը մեծ ճանաչում եւ հեղինակություն ունի աշխարհում։ Դա են վկայում տարեցտարի դիմողների ավելացող թիվը, ինչպես նաեւ ընդլայնվող աշխարհագրությունը, մրցույթի դափնեկիրների մասնագիտական հաջողությունները։
Մրցույթի անկողմնակալությունը, բարձր կարգավիճակն ու մակարդակն ապահովում է հեղինակավոր ժյուրին։ Այս տարի Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահն է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Ժյուրիի կազմում են՝ կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը, օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ, Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Սերգեյ Խաչատրյանի եւ աշխարհահռչակ այլ երաժիշտների անձնական մենեջեր Մարկ Հիլդրյուն, երաժշտագետ Ռիչարդ Ռոդզինսկին, հանրահայտ կլարնետահար Ջամպիերո Սոբրինոն, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարսը։


Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամներից է նաեւ միջազգային ասպարեզում ճանաչված նյույորքաբնակ դիրիժոր Ջորջ Պարոդին (Արգենտինա/ԱՄՆ)։ Նա ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում Հարավային եւ Լատինական Ամերիկաներում, Եվրոպայում եւ Ասիայում: New York Daily News-ի կողմից փառաբանվելով որպես «Ստոկովսկուց հետո ամենաարտահայտիչ դիրիժորական ձեռքերն» ունեցող դիրիժոր՝ Պարոդին համագործակցել է այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են «Կոլոն» թատրոնն Արգենտինայում, Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնը, Մեխիկոյի Encuentros Internacionales de Opera-ն, Տոկիոյի վոկալ արվեստի ակադեմիան, Իսրայելի վոկալ արվեստի միջազգային ինստիտուտը եւ այլն: Ավելի քան տասը տարի մաեստրո Պարոդին դասավանդում է Ջուլիարդի դպրոցում, զբաղեցնում է Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրենի պաշտոնը: New York Times-ը գովերգել է Շուբերտի «Դավադիրները» ներկայացման նրա բեմադրությունը՝ կատարումն անվանելով «կատարյալ»:

Մեզ հետ զրույցում մաեստրո Պարոդին, խոսելով Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի մասին, նշել է. «Հիանալի է, որ երիտասարդ արտիստները հնարավորություն ունեն բացահայտվելու այնպիսի միջավայրում, ինչպիսին Խաչատրյանի մրցույթի հանդիսատեսն ու մասնագետներն են։ Այն խթանում է դասական երաժշտության ոլորտում գերազանցությունը եւ շատ բարձր համարում ունի միջազգային ասպարեզում: Մրցույթը նպաստում է հայկական երաժշտության առաջխաղացմանը՝ ազգային երաժշտությունը, Երեւանն ու կոմպոզիտորներին բերելով միջազգային հարթակ»։
Նա նկատում է, որ երաժշտական այս իրադարձության ընթացքում ակնկալում է հանդիպել բարձրակարգ երգեցողության, ականավոր երաժիշտների եւ հետաքրքիր անհատականությունների։

Ի՞նչն է առաջին հերթին գնահատելու Ջորջ Պարոդին մասնակիցների մոտ։ «Առաջին բանը, որ ես լսում եմ երգիչների մոտ, նրանց ձայնի որակն է, ձայնի երանգը, դիապազոնը եւ գեղեցկությունը, այնուհետեւ՝ տեխնիկան, ինչպես է ձայնը արտադրվում եւ հնչում։ Սրանց վրա եմ կենտրոնանալու։ Կարեւոր են նաեւ արտիստի երաժշտականությունը, արտահայտչականությունը, ուշադրությունը, երաժշտության ընկալումը, պատկերացումները։ Դրանց հաջորդում են գիտելիքները, ոճային մաքրությունը եւ լեզվի որակը»,- ասում է դիրիժորը։

Երգեցողության արվեստն այսօր աշխարհում ի՞նչ ուղղություններով է զարգանում։ Ի՞նչ միտումներ կան այս բնագավառում։ Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Ջորջ Պարոդին նկատում է, որ Միացյալ Նահանգներում մեծ ուշադրություն է դարձվում ներկայացումների հաջողությունների վրա, որոնք հիմնված են լավ երգեցողության, երաժշտության հետ ներդաշնակության եւ դրամայի ու զգացմունքների փոխանցման վրա։ Նա նաեւ ընդգծում է, որ թեեւ շատ մարդիկ կարծում են, թե հանդիսականը կենտրոնացած է օպերայի տեսողական կողմի վրա, սակայն իր փորձը ցույց է տվել, որ ամենահաջողված ներկայացումները նրանք են, որտեղ առաջնայինը ձայնի գեղեցկությունն է եւ այն զգացմունքային ֆոնը, որ փոխանցվում է երգեցողության միջոցով, ինչպես նաեւ՝ հետաքրքիր ու ազդեցիկ խաղը։

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում եւ անցկացվելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է եւ անցկացվում է միջազգային չափանիշներով։

 

ԱՐՓԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930