Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն դեպի Արդվի՝ Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի շիրիմին

Ապրիլ 21,2017 13:00

Դարեր շարունակ ուխտագնացության եւ հոգեկան հաղորդակցության աստվածապարգեւ սրբազան վայր է եղել Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսի շիրիմը: Մինչ օրս սրբի շիրիմին ուխտի գնացած բազում հայորդիներ իրենց ուխտն են նորոգել աստվածընտրյալ կաթողիկոսի բարեխոսությամբ:

Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ հաստատված եւ ավանդություն դարձած համաթեմական ուխտագնացությանը ամեն տարի ոգեշնչող կարգախոսով ուխտավորները առաջնորդվել են դեպի սրբավայր:
Այս տարի արդեն Սուրբ Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակի առթիվ, ապրիլի 17-ին` Սուրբ Հայրապետի ննջման հիշատակության օրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի, դարձյալ կազմակերպվեց համաթեմական ուխտագնացություն դեպի Արդվի եւ Օձուն: Նախորդ տարիների պես, այս տարի եւս, Սրբի շիրիմին խոնարհվելու եւ բարեխոսություն խնդրելու էին եկել հարյուրավոր ուխտավորներ Լոռու մարզի տարբեր շրջաններից եւ Հայաստանի այլ մարզերից ու սփյուռքից:
Ուխտագնացությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Մայր Աթոռի ճարտարապետ Արա Վարդանյանը, համայնքապետեր եւ այլ պաշտոնատար անձինք:
Երիտասարդ ուխտավորները, թեմի հոգեւոր հովիվների հետ միասին` շուրջ 800 եւ ավելի ուխտավոր, Հոգեւոր դասի առաջնորդությամբ, խաչերով, խաչվառներով գյուղամիջից խաչերթով շարժվեցին դեպի սրբավայր: Սրբանեսի վանքում պատարագիչն էր Ախթալայի հոգեւոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Հայրն օրհնեց եւ իր հայրական հորդորն ուղղեց բոլոր ուխտավորներին. «Ձեր աղոթքներով հայցեք Սուրբ Հայրապետի բարեխոսությունը մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգության համար: Խնդրեցեք նրա օրհնությունը Ձեր անձերի ու միմյանց համար: Աղոթեք, որ մեր սրբերի բանակը մշտարթուն զինվորի պես հսկի մեր հայ աշխարհի անդորրը, քանզի Նրանք երկնքում հանդիսանում են մեր բարեխոսներն ու պահապանները»:

Վանաձոր քաղաքի թվով 350 եւ ավելի ուխտավորների ուխտագնացության հովանավորն էր գործարար Արմեն Դալլաքյանը: Արարողությունների ավարտին բարերարի կողմից ներկաներին մատուցվեց ուխտի մատաղ:

Սրբակենցաղ Հայրապետն իր կենդանության օրոք իսկ ձեռք է բերել սրբի, աստվածաբանի եւ եկեղեցական-քաղաքական գործչի համբավ, ում ձեռքով կատարվել են բազում հրաշագործություններ եւ ով կյանքի վերջին տարիներին` հրաժարվելով կաթողիկոսական գահից, առանձնացել է աշխարհից, զբաղվել ճգնությամբ: Հայրապետը Մայր Եկեղեցու այն մեծագույն սրբերից է, ով քայլելով պատմության դժվարին քառուղիներում` ազգային հզոր եկեղեցի ունենալու տեսլականով հսկայական ժառանգություն է թողել հայ ժողովրդի համար եւ այդ ընտիր ավանդի կրողներն այսօր մենք ենք:

Այդ օրը նաեւ ազդարարվեց Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը: Այս տարի նախատեսվում է Գուգարաց թեմի, Լոռու մարզպետարանի եւ «Լոռվա Ձոր» հայրենակցական միության հետ համագործակցաբար կազմակերպել գիտաժողովներ, Հայրապետին վերաբերող գրքերի վերահրատարակություն, նրա կիսանդրի քանդակում եւ տեղադրում, Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում մատուռ-զանգակատան վերանորոգում, ուխտավորների համար հյուրատան կառուցում, ինչպես նաեւ Հոռոմայրի վանական համալիրի կազմում ընդգրկված Սբ Նշան եկեղեցու վերին հատվածի վերակառուցում եւ այլն:

Ուխտավորներն այցելեցին Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին առնչվող վայրեր, ջուր խմեցին Օձի պորտ կոչվող վայրից։ Ավանդույթի համաձայն վեհափառ հայրապետը վիշապ օձին քար է դարձրել, իսկ օձի պորտից բխող ջուրը սրբագործություններ է անում այս էլ 13 դար։

 

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Օձուն-Երեւան

 

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930