ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ ութսունմեկերորդ
Կարդացեք նաև
ԵՆԹԱՎԱՐՊԵՏԸ
Եվ Ֆրունզիկը Ֆելոյին ասաց՝ «քննության ժամանակ որ Ստանիսլավսկուց մի քանի հատ մեջբերում անես, քննողները շատ կզարմանան», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ գիրքը ծերից ծեր անգիր եմ անելու», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «պիտի ծերից ծեր անգիր անես, որ վարպետներին պադվադիտ չանես», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս հարցրեց՝ «ո՞ր վարպետներին», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանին ու քեզ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանն իրոք վարպետ ա», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «կարող ա՞ դու վարպետ չես», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես ենթավարպետ եմ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ենթավարպետը Ֆելոն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «բայց՝ քյաբաբի գծով», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «քյաբաբի գծով Ֆելոն իսկական վարպետ ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ֆելոն որ քյաբաբի գծով իսկական վարպետ ըլներ, սեղանը վաղուց պատրաստ կըլներ» եւ մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «էդ քյաբաբները վայ թե արդեն սառել են», եւ Ֆելոն ասաց՝ «Ռաֆոն քյաբաբները լավաշի մեջ ընենց քիփլիկ ա փաթաթում, որ ժամերով չեն սառում» եւ Ֆրունզիկին նայելով ավելացրեց՝ «քյաբաբի գծով իսկական վարպետը Ռաֆոն ա», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «քեզ որ թողնենք՝ ժամերով Ստանիսլավսկուց կխոսաս», եւ Ֆելոն ափսեները սեղանին շարելով՝ զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա Ստանիսլավսկուց խոսացել», եւ հայրս զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «էս քանի ժամ ա՝ ինչի՞ց ենք խոսում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդամենը Ստանիսլավսկու գրքից ենք խոսացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ Ստանիսլավսկու գրքի մաշվածությունից», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծնունդիդ չենք սպասի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամենաուշը մի շաբաթից էդ մաշված գիրքը քեզ կպատկանի», եւ Ֆելոն ժպտալով հորս ասաց՝ «տես՝ խոսք ես տվել» եւ մեզ նայելով ավելացրեց՝ «էսքան վկաների ներկայությամբ» եւ ինձ նայելով հարցրեց՝ «վկա ես, չէ՞, Արմենչո», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «էսքան վախտ էղել ա՞ դեպք, որ ես մի բան խոստանամ ու խոստումս չկատարեմ», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ըտենց դեպք չեմ հիշում», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «դե ուրեմն՝ արագացրու», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «ի՞նչը արագացնեմ», եւ հայրս ասաց՝ «սեղանը քցի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «արդեն մենք էլ սովածացանք», եւ Ֆելոն առաջին տոպրակը բաց արեց եւ լավաշներով փաթաթած հինգ բաժին քյաբաբները դրեց հինգ ափսեների մեջ, եւ երբ երկրորդ տոպրակը բաց արեց ու երկրորդ տոպրակից լիմոնադներն ու օղին հանեց, հայրս զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «էս ի՞նչ ես անում, ա՛յ Ֆրունզ», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց օղու շշին եւ ասաց՝ «ի՞նչ եմ արել», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «էս արաղն ինչի՞ համար ա», եւ Ֆրունզիկը հորս ասաց՝ «էդ արդեն աշակերտիդ պիտի հարցնես» եւ Ֆելոյին նայելով ավելացրեց՝ «ես էդ արաղի հետ ոչ մի կապ չունեմ» եւ մի քիչ մտածեց ու Ֆելոյին հարցրեց՝ «էդ արաղն ինչի՞ համար ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչքան գիտեմ՝ արաղը խմելու համար ա»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: