Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանը թող հլը բանակում չծառայած օլիգարխների երեխաներին բանակ հրավիրի». Գագիկ Սարուխանյան

Ապրիլ 20,2017 23:03

«Ազգ-բանակը չի սկսում միայն նրանով, որ երեք կամ չորս տարի դարձնես ծառայությունը, ուզում ես ցմահ արա, եթե չկա հարաբերական արդարություն պետության մեջ, ոչ մի ազգ-բանակի մասին խոսք լինել չի կարող»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով ՊՆ մշակած ծառայության նոր տեսակի մասին նախագծին:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր «Ազգ-բանակ 2017» համաժողովին ներկայացրեց պաշտպանության նախարարության կողմից մշակված երկու նոր նախագիծ՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ»։

Ըստ այդ նախագծերի՝ նորակոչիկներին ծառայության նոր տեսակ է առաջարկվելու՝ ժամկետային-պայմանագրային: Այն նորակոչիկները, որոնք կցանկանան նոր տեսակի ծառայություն անցնել, 3 տարի ծառայելու դիմաց ժամկետային-պայմանագրային զինծառայողի հաշվին 5 մլն դրամ կփոխանցվի:

«Վիգեն Սարգսյանը թող հլը այն երեխաներին, որոնք չեն ծառայել բանակում, նկատի ունեմ օլիգարխների երեխաներին, թող հլը դրանց բանակ հրավիրի, կարողանա ապահովել նրանց՝ առաջին գծում ծառայելը, հետո նոր խոսեն ազգ-բանակից:

Այսինքն, ինչ է ստացվում, ինչ-որ մի օլիգարխի երեխա չպետք է ծառայի, բայց մեր գրպանից թալանած գումարներով մեր երեխաներին մի չնչին փոխհատուցեն ,շահագրգռեն, տանեն ծառայության, որ իրենց թալանն ապահովեն… ժամանակին, որ ասում էինք արտագաղթ է, ասում էին՝ ազատ երկիր է, ով որտեղ ուզում, գնում է ապրում է, հիմա ինչ է ստացվում, որ մի քիչ էլ արտագաղթ լինի, բանակը հինգ տարի պիտի սարքե՞ն»,- այս հարցադրումները առաջ քաշեց ազատամարտիկը:

Նա նաեւ մտավախություն ունի, որ ինչպես ավանդները տարիներ շարունակ չեն կարողանում ամբողջական փոխհատուցել, հնարավոր է ժամանակը գա ու խոստացված հինգ միլիոնը չհասնի զինծառայողին:

«Ինչ ազգ-բանակի մասին է խոսքը, եկեք մինչեւ ազգ-բանակ ստեղծելը, ազգ ստեղծենք: Ե՞րբ ստեղծեցինք ազգ-պետությունը, որ պետության մեջ բոլորը պետք է հավասար լինեն, ոչ թե ալան-թալանի, կաշառքի շնորհիվ մեկն ամեն ինչ ունենա, մյուսը՝ ոչինչ»,- հավելեց Գագիկ Սարուխանյանը:

Անդրադառնալով նախագծում տեղ գտած դրույթներին՝ հինգ միլիոն դրամը զինծառայողը կարող է ծախսել միայն մատչելի բնակարանի (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր), մինի-ֆերմայի (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր) կամ որպես ուսման վարձի փոխհատուցում, պարոն Սարուխանյանը շարունակեց.

«Նորմալ երկրներում, երբ որ գումարը մարդուն տալիս են, չեն ասում ՝ տալիս եմ մենակ էս ինչ բանի համար, մարդը կարող է գնում է այդ գումարով շենք է սարքում իր համար, կարող է իր հարսնացուի հետ գնում է հանգստանալու, քեզ ի՞նչ՝ ինչի վրա է ծախսում… Այս նախագծով ժամանակավոր կարող է մի քանի հարյուր հոգու խաբեն, բայց ինչ ազգ-բանակի մասին է խոսքը, եթե ծառայողը գնալու է բանակ ու տեսնի նույն փտած, կաշառակեր հրամանատարին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930