Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի մոտ, ի աջակցություն ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, եկել էր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա մեզ հետ զրույցում հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ պատասխանեց.
«Հույս ունեմ, որ այս իշխանությունները կմաքրվեն երկրի երեսից ու երկիրը նորմալ երկիր կլինի, իսկ Սերժ Սարգսյանի մատնահետքերը, որ հնարավոր չէր վերցնել, իրեն ուրիշ առիթով կկանչեն ու մատնահետքերը հաստատ կվերցնեն: Եվ Տիգրան Սարգսյանը ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ»:
Մեր հարցին՝ ե՞րբ կգա այդ օրը, որ Տիգրան Սարգսյանը ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, երբ Փոքր Մհերը դուրս կգա Ագռավաքարի՞ց՝ Արամ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, Սամվել Բաբայանն էլ որ բանտից դուրս գա՝ քիչ բան չի: Իսկ նա դուրս գալու է, որովհետեւ սա քաղաքական է հաստատ»:
Նա ասաց, որ այսօր դատարանները չեն աշխատում, որովհետեւ իշխանությունները լեգիտիմ չեն, իսկ դատարանները կատարում են միայն Բաղրամյան 26-ի պատվերը. «Սերժ Սարգսյանը պիտի հասկանա, որ Սամվել Բաբայանին ձերբակալել տալով՝ հաստատ ինքը, ըստ էության իր օրերն է կարճացնում… Հերոս մարդը, որ մենք այսօր իրոք պիտի հպարտանանք Սամվել Բաբայանով, այսօր տեսնում ենք ուր է: Բայց համոզված եմ, որ ամեն ինչ վերջանալու է, Սամվել Բաբայանը դուրս է գալու»:
Կարդացեք նաև
Արամ Հարությունյանը Սամվել Բաբայանի եւ «Իգլայի» գործում քրեական որեւէ տարր չի տեսնում. «Սենց որ գնա՝ Սամվել Բաբայանին կարող է մեղադրեն Սիրիայում քիմիական զենք օգտագործելու համար: Սամվել Բաբայանը, եթե շփվել եք, ինքը շատ բարձր խելքի տեր մարդ է, ոչ միայն ռազմական գործիչ է, շատ օժտված մարդ է, ինքը հասկանում է, որ իր հեռախոսները լսվում են: Ինքը էդքան պրիմիտիվ չի: Եթե Սամվել Բաբայանն ուզենար նման ձեւով հարց լուծել, ինքը ուրիշ ձեւ կգտներ: Ես համոզված եմ, ինքը Հայաստանի փրկությունը չի տեսնում կրակելու միջոցով»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ