Ապրիլի 20-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ հայկական ժողովրդական երգերի երիտասարդ և խոստուﬓալից հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, մտավորականներ, արվետագետներ, հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով երգչին՝ առաջին ձայնասկավառակի թողարկման առթիվ, նախարարը կարևորեց հայկական մշակույթի, ժողովրդական երգերի պահպանումը և բարձրարվեստ մատուցումը:
Նա, մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ այստեղ, այս մշակութային կենտրոնում, որտեղ թևածում է հայ մշակույթի շունչը, որտեղ ցուցադրված են Լևոն Դեր-Պետրոսյանի գորգերի հավաքածուն և բիզնես մշակույթը, որտեղ սփյուռքահայերը գեղեցիկ ու ջերմ անկյուն են ստեղծել, մասնակից եմ գեղեցիկ իրադարձության: Այսօրվա հերոսը Վիգեն Հովսեփյանն է, ով իր կատարումներով արդեն գրավել է հայ հանդիսատեսին: Երկու տարի առաջ Վիգենի կատարումները լսել ու հիացել է «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը: Վիգենի ու Ռաֆֆու համատեղ ջանքերով էլ այսօր ձեր դատին է ներկայացվել այս սկավառակը: Շնորհավորում եմ: Սիրով ուզում եմ պարգևատրել Րաֆֆի Մենեշյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար:
Րաֆֆի Մենեշյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և նշեց, որ այն նաև պարտավորեցնող է:
Կարդացեք նաև
Վիգեն Հովսեփյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար և հավելեց. «Ձայնասկավառակը ձայնագրել ենք Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք հաﬔմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», «Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի, ուդահար Արա Դինքջյանի հետ: Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում»:
ՀՀ սփյուռքի նախարարություն