Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սիրուշ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն է գործադրել եւ խոչընդոտել է նաեւ «Ազատության» օպերատորի` Գարիկ Ազիբեկյանի մասնագիտական աշխատանքը:
Սիրուշ Հովհաննիսյանը Կոմիտաս 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց լրագրողից եւ օպերատորից պահանջել է դադարեցնել նկարահանումը եւ հեռանալ շտաբի տարածքից:
Անուշ Մկրտչյանը և Գարիկ Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Սիրուշ Հովհաննիսյանը լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գարիկ Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Սիրուշ Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտության՝ «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» հասցեատերն է:
Այսօրվա դատական նիստը կարճ տեւեց, որովհետեւ չէր ներկայացել գործով վկաներից մեկը, բայց դատարանը, հաշվի առնելով, կողմերի կարծիքը, թե հնարավոր է այդ պարագայում էլ նիստը շարունակել, որոշեց չհետաձգել: Դատարանը լսեց ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին, որը շարունակում է չընդունել իր մեղքը: Ըստ նրա, լրագրողը միկրոֆոնով հարվածել է իրեն, դրա համար էլ ինքը թքել է լրագրողի վրա:
Դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, որովհետեւ, ըստ նրա, այս դրվագի վերաբերյալ հակասություն կա: Նախաքննական ցուցմունքում ամբաստանյալն ասել էր, որ պարզապես դուրս է եկել ու խոչընդոտել է, թույլ չի տվել նկարեն: Մեղադրողը ամբաստանյալից հետաքրքրվեց՝ ի՞նքն է գրել նախաքննական ցուցմունքը, թե՞ իրեն ասել են՝ ինչ գրի, ի պատասխան Սիրուշ Հովհաննիսյանն ասաց՝ ինքն է գրել, ամբողջն իր բառերն են:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 12-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ