Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Անգամ ՌԴ դեսպանն է ասել, որ մենք իրեն դուր չենք գալիս»

Ապրիլ 20,2017 20:15

Այսօր «Տեսակետ» ակումբում «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը եւ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը մամուլի ասուլիսին ներկայացրել էին մի զեկույց, ըստ որի «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ այլ հասարակական կազմակերպություններ վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա պատվիրատուների ձեռքին, որոնք փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում եւ ընտրական գործընթացների:

Ըստ Ղուկասյանի, «2016-ին «NED»`Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հ/կ-ին հատկացվել է 57 000 դոլար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության բացասական հետեւանքների տեսանկյունից հետազոտությունների անցկացման համար: Փաստորեն, նրանց թիրախն առաջին հերթին եղել է ԵԱՏՄ-ն ու ՀՀ իշխանությունները: Կարծում ենք, որ եթե կազմակերպությունը գրանտի շրջանակում է մի բան անում, թող ազգի նվիրյալ չներկայանա»:

Հ/կ-ի ներկայացուցիչները նշել են, որ պետք է վերանայել Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության ձեւաչափը, փոփոխություններ կատարել հասարակական կազմակերպությունների մասին օրենքում՝ բացառելով նրանց անօրինական միջամտությունը ներքաղաքական գործընթացներին. Սրա վերաբերյալ հ/կ-ն պատրաստվում է դիմել նոր գումարման Ազգային Ժողովին եւ կառավարությանը:

Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ որեւիցե մեկը, այդ թվում նաեւ ֆինանսավորողները, միավորմանը չեն կարող ասել, թե ինչ լուսաբանեն, ինչը՝ ոչ, որոշողը միայն հ/կ-ն է.. «Մենք որեւիցե մեկին թույլ չենք տա ասել, թե մենք ինչի վերաբերյալ վերլուծություններ անենք, ինչ տեսանյութեր հրապարակենք, առավելեւս՝ դրսից չեն կարող ասել»:

Ինչ վերաբերում է հ/կ-ի 57 000 դոլարի ֆինանսավորմանը, Իոաննիսյանն ասաց, որ դա գաղտնիք չէ, այն պարտադիր հրապարակվում է. «Մենք Բրյուսելում տեղակայված «EED» (European Endowment for Democracy)՝ հիմնադրամից ծրագիր ենք ստացել, որպեսզի Հայաստանի ընտրողներին քարոզենք ընտրակաշառք չվերցնել, ի՞նչ վատ բան է արել Բրյուսելը:Իրենց մեղադրանքներն անհեթեթություն են, բայց եթե հաշվի առնենք ով է ասել՝ զարմացած չեմ:

Արման Ղուկասյանը լավ հարաբերություններ ունի  Սերգեյ Կուրղինյանի հետ,  որն էլ Պուտինի հետ է մտերիմ: Կուրղինյանը 2014-ին Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից «Բուկ» համակարգով Մալազիական բոինգը խոցելուց 2 շաբաթ առաջ Դոնեցկում հայտարարել էր՝ «իրական քաղաքացիական հասարակությունը այն էլեկտրոնշիկներն են, ովքեր այժմ վերանորոգում են «Բուկ» համակարգերը»»:

Այսինքն՝ իր կարծիքով քաղհասարակությունը քաղաքացիական ինքնաթիռ, Արեւմուտքի քաղաքացիական ինքնաթիռ խոցող մարդիկ են: Իրենց դուր չի գալիս մեր միավորումը որպես քաղհասարակություն: Երեւի Արման Ղուկասյանին դուր կգա իր եւ Պուտինի լավ ընկեր Սերգեյ Կուրղինյանի առաջարկած քաղաքացիական հասարակությունը»:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ հ/կ-ի նկատմամբ նման հետաքրքրություն առաջացավ այս օրերին, գուցե 114 դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին ձայնագրությունների հրապարակումից հետո փորձ է արվում ճնշել հ/կ-ին, կամ հանրության շրջանում հ/կ-ի նկատմամբ վստահությունը կորցնելու համար է արվում, Դանիել Իոաննիսյանն այսպես պատասխանեց.«Դպրոցների ուսումնասիրության ծրագիրը «EED» -ի հետ կապ չունի: Այդ ծրագրով մենք ընտրությունների վերաբերյալ էինք նյութեր պատրաստում, անում այն, ինչը պիտի ԿԸՀ-ն աներ»:

Իոաննիսյանի վստահեցմամբ՝ ռուսաստանյան կամ պրոռուսական կառույցները «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ին չեն սիրում, եւ սա նորություն չէ. «Անգամ Ռուսաստանի դեսպանն էր ամիսներ առաջ հայտարարել, որ մենք իրեն դուր չենք գալիս: Չեն սիրում, որովհետեւ մենք ԵԱՏՄ մասին ասում ենք բաներ, որոնք իրենց դուր չի գալիս: Օրինակ՝ նույն Արման Ղուկասյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանից ՌԴ արտահանումը 50 % ով աճել էր: Հիմա ես մեղավո՞ր եմ, որ դա միֆ էր, որ մեր տնտեսագետն ապացուցեց, որ դա թուրքական ապրանքների ռեէքսպորտն էր, այն ժամանակ, երբ ՌԴ-ն արգելք էր դրել Թուրքիայից այդ երկիր ապրանքների արտահանման վրա: Անգամ Կարեն Կարապետյանն է ընդունել, որ մենք ճիշտ էինք»:

Մեր դիտարկմանը, որ ՄՀԶՀԿ-ն մեղադրում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման » թիրախը հենց Ռուսաստանն է, եւ անգամ այդ թեմաներով սեմինարներ է կազմակերպում, Իոաննիսյանը պատասխանեց, որ այդ սեմինարներին ընդգծված պրոռուսական ուղղվածությամբ լրատվամիջոցների շատ լրագրողներ են եղել, ԵՄ, ԱՄՆ դեսպաներն են եղել. «ՌԴ դեսպանին էլ ենք մի քանի անգամ կանչել, չի եկել: Մենք սեմինարների ժամանակ քարոզչություն կամ հակաքարոզչություն չենք անում, կրթում ենք լրագրողներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում Արման Ղուկասյանն ու Կուրղինյանն են, լուսանկարը՝ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930