Ապրիլյան տաք ու արևոտ օրերը հնարավորություն են տալիս, որ հողի մշակը դաշտերում աշխատի ու բարիք ստեղծի: Քաշաթաղի շրջանում արդեն 2 ամիս է, ինչ ընթանում են գարնանացանի աշխատանքները: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ ապրիլի 19-ի դրությամբ համայնքային և պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողատարածքներում գարնան ընթացքում կատարվել է 2707 հա հերկ, որից 610-ը՝ ՊՊՖ տարածքներում:
Իրականացվել է հացահատիկի 2164,5հա ցանքս, որից 656հա հաճար, մնացածը՝ գարի (ՊՊֆ տարածքներում՝ 110հա հաճար և 500հա գարի): Հաճարի ցանքս կատարել են հարավային թևի 13 համայնքներում, որից ամենաշատը՝ 120հա, Ձորափի գյուղական համայնքում, երկրորդ և երրորդ տեղերը 100հա-ով զբաղեցնում են Որոտանի քաղաքային և Ծաղկաբերդի գյուղական համայնքները: Գարու ցանքս կատարել են հարավային թևի 22 համայնքներում, որից առաջին տեղում է Իշխանաձորի գյուղական համայնքը՝ 150հա-ով, իսկ Կովսականի, Որոտանի քաղաքային և Արծվաշենի գյուղական համայնքներում կատարվել է 100-ական հեկտար:
Հյուսիսային թևում հացահատիկի ցանքս կատարվում է Լեռնահովիտի, Հակի և Մոշաթաղի գյուղական համայնքներին պատկանող հողատարածքներում, սակայն առայժմ 15հա հերկ կատարվել է Լեռնահովիտի, 3հա՝ հակի և 28հա Մոշաթաղի հողատարածքներում. ցանքսը կսկսվի մայիսի սկզբից: Բացի հացահատիկից, շրջանում կատարվել և շարունակվում է այլ մշակաբույսերի ցանքսը: Նույն ժամանակահատվածում հարավային թևի 8 համայնքներում ցանվել է 124,5հա եգիպտացորեն. ամենաշատը՝ 60հա, Միջնավանի քաղաքային համայնքում:
Երկրորդ տեղում 30հա-ով Գետամեջի գյուղական համայնքն է, երրորդը՝ Արծվաշենը՝ 14, 5հա-ով: Միայն Գետափում է, որ կատարվել է 4հա հնդկացորենի ցանքս: Միջնավանի քաղաքային համայնքում կատարվել է նաև 60հա արևածաղկի ցանքս: Նույն մշակաբույսից, ընդամենը 5հա, ցանել են նաև Երիցվանքի գյուղական համայնքի ջրովի հողատարածքներում: Շրջանում առայժմ ընդհանուր կատարվել է կարտոֆիլի 19հա ցանքս: 40հա-ից ավելի կատարվել է հատիկաընդեղենի, բանջարաբոստանային մշակաբույսերի և բոստան-պարենի ցանքս: Հայկազյանի գյուղական համայնքում իրականացվել է նաև 12հա կտավատի ցանքս: Շրջանում գնալով աճում է անասունների գլխաքանակը, որն անասնակերի պահանջարկ է ավելացնում:
Կարդացեք նաև
Այս պատճառով յուրաքանչյուր տարի ավելանում են կորնգանի և առվույտի ցանքատարածքները: 2017-ի գարնանը հարավային թևի 11 համայնքներում ընդհանուր կատարվել է 78հա առվույտի (որից 18հա ենթացանքս) ցանքս: Կորնգանի ենթացանքս առայժմ կատարել են միայն 2 համայնքում՝ Գետափում՝ 10հա և Հայկազյանում՝ 15հա: Արդեն տեղեկացրել ենք, որ շրջանի Թովմասարի հարավային մասում ցանքատարածքների մի մասը վարակված է գնայուկ բզեզով:
Այս կապակցությամբ ապրիլի 19-ի դրությամբ 1100հա տարածք ախտահանվել է, աշխատանքները շարունակվում են: 200հա-ի վրա էլ կատարվել է պայքար մոլախոտերի դեմ: Այս ընթացքում ոռոգվել է 1893հա ցանքատարածք: Բացի նշված աշխատանքներից, արդեն հակահրդեհային նախապատրաստական աշխատանքներ են ընթանում հացահատիկի ցանքատարածքներում: Անցած աշնանը շրջանում ընդհանուր կատարվել է 17071հա հացահատիկի ցանքս: Նախատեսված է՝ հացահատիկի ընդհանուր ցանքսը գերազանցի 20000 հեկտարը: Գարնանացանին զուգահեռ՝ շրջանում մշակվում են խաղողի և այլ մրգատու այգիները:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ