Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Լևոն Զուրաբյանի հետ ոչ բանավեճ ունեմ, ոչ էլ իշխանությունների փաստաբանն եմ». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 20,2017 17:54

«Ես Լևոն Զուրաբյանի հետ ոչ բանավեճ ունեմ, ոչ էլ իշխանությունների փաստաբանն եմ, ոչ էլ ուզում եմ դրա մեջ մտնել»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը, արձագանքելով «Ելք» դաշինքի անդամի հարցադրումներին, հայտարարել էր, թե Մարուքյանն իր վրա է վերցրել «ընտրակեղծարար իշխանության փաստաբանի դերը»։

Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Լևոն Զուրաբյանը կամ իրեն սխալ է հասկացել կամ այդպես է ցանկացել հասկանալ:

Այնուհետև ևս մեկ անգամ կրկնեց իր հայտարարությունները. «Ես ասել եմ, որ «Ելքը» չունի հանձնաժողովի անդամներ, նախագահներ և քարտուղարներ ի տարբերություն ՀԱԿ-ի: Եթե ՀԱԿ-ի` մերը գործընկերներն ունեն փաստեր, որ ներկայացնելու են ՍԴ, մենք ուշադիր կհետևենք դրանց ու մեր գնահատականը կտանք: Ես ասել եմ, որ տեղեկություն չունեմ, թե ընտրությունների ավարտին ՀԱԿ-ից որևէ հանձնաժողովի անդամ, նախագահ կամ քարտուղար արձանագրությունների տակ գրած լինի, որ համաձայն չէ արդյունքների հետ»:

Մեր դիտարկմանը, միգուցե հենց այս մի՞տքն էլ Լևոն Զուրաբյանին տեղիք տվել կարծիք հայտնելու, որ «Էդմոն Մարուքյանը ստանձնել է ընտրակեղծարար իշխանության փաստաբանի դերը, որ նման հարցադրումները պատշաճում են պատասխանող կողմին, տվյալ դեպքում՝ ընտրակեղծարարությունը կատարած Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այդ ընտրակեղծարարությունը պարտակող Սահմանադրական դատարանին»: Պարոն Մարուքյանն արձագանքեց. «Ես պաշտպանի դեր չեմ ստանձնել. ասում եմ, եթե կեղծիքներ են եղել, ինչը իրենք պնդում են և պահանջում, որ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները, ապա այդ դեպքում ո՞նց է եղել, որ նման բան չի եղել ընտրությունների օրը: Ես այդ հարցը Լևոն Զուրաբյանին չեմ տվել, այլ ուղղակի կարծիք եմ հայտնել»:

Մեր այն դիտարկմանը, թե վերջին օրերին օրինաչափ է դարձել Էդմոն Մարուքյանի հասցեին տարբեր բացասական երանգի հայտարարություններ անելը, պարոն Մարուքյանն արձագանքեց, թե ով պարապ է մնում, անդրադառնում է «Ելքին»:

Հիշեցրինք նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի (ՕՐՕ) տեղեկատվական կենտրոնի համակարգող, «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի այն կասկածը, եթե Էդմոն Մարուքյանը շարունակելու է անցյալի պես «կողմ» քվեարկել կառավարության, իշխանության ծրագրերին, արդյոք հնարավոր կլինի՞ նրան ընդդիմադիր համարել, պարոն Մարուքյանը չցանկացավ արձագանքել:

Մեր հարցին` խանդո՞վ են վերաբերվում «Ելքի» հաղթանակին, ի պատասխան պարոն Մարուքյանը հորդորեց հարցնել Հովսեփ Խուրշուդյանին. «Ես մեկնաբանություն չունեմ, վերջիվերջո, ամենքը պետք է հասկանան իրենց տեղն ու դերը»:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ սկզբունքով է ԱԺ-ում քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրերին, որ կասկածի տակ չդրվի իր` ընդդիմադիր գործունեությունը, պարոն Մարուքյանը վրդովվեց, թե արդեն 7446 անգամ պատասխանել է այդ հարցերին և չի պատրաստվում «չգիտես ում ասածների հիման վրա նորից դա անել». «Գիտեմ` ինչին եմ կողմ քվեարկել, ինչին`դեմ, բոլոր դիրքորոշումների վերաբերյալ կան իմ ելույթները: Ամեն քվեարկությունից առաջ ելույթ եմ ունեցել, կարող են դիտել նրանք, հնացած, ութ հազար անգամ բարձրացված ու թաղված հարց է»:

Պարոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, երբ առաջին նիստը բացվի, «Ելքը» կհայտարարի, որ ընդդիմադիր խմբակցություն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930