Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Երևանի քաղաքապետի՝ նվիրատվությունների մասին որոշ կարգադրություններ հասկանալի չեն

Ապրիլ 20,2017 16:39

Ուսումնասիրել եմ Երևանի քաղաքապետի 2015թ., 2016թ. և 2017թ.-ի մարտ, ապրիլ ամիսների կարգադրությունները, հատկապես «Գումար հատկացնելու» նպատակով տրվածները:

2015-ի մարտին տրվել է 75 կարգադրություն, որոնցից 17-ը՝ այդ նպատակով, 2016-ին՝ 78-ից 21-ը, 2017-ին՝ 80-ից 36-ը :

2015-ի ապրիլին տրված 48 կարգադրություններից 24-ն են «Գումար հատկացնելու» նպատակով, 2016-ի ապրիլին՝ 80-ից 26-ը, 2017թ. ապրիլին՝ 27-ից 17-ը: Նկատելի է 2016թ.-ի համեմատությամբ 2017-ի մարտ, ապրիլ ամիսներին «Գումար հատկացնելու» նպատակով կարգադրությունների աճը:

Իհարկե, 2017թ.-ի կարգադրությունների մեջ կան նվիրատվություններ, որոնց նպատակը ողջունելի ու հասկանալի է, օրինակ՝ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին, կամ «Երևանյան հեռանկարներ» փառատոնին հատկացված նվիրատվությունները: Հասկանալի, բայց ողջունելի չեն «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից տարբեր վարչական շրջանների՝ սոցիալապես անապահով անձանց նվիրատվությունների մասին կարգադրությունները, որոնց թիվն այս տարի նկատելիորեն ավելացել է, և իրավունք ունեմ ենթադրել, որ դրանք ուղիղ կապված են ընտրությունների հետ:

Սակայն կան նվիրատվություններ, որոնց տալու նպատակը բոլորովին հասկանալի չէ, կարգադրության մեջ նվիրատվության նպատակի մասին ոչինչ գրված չէ: Մասնավորապես.

Ինչո՞ւ է.

• 258-Ա 18.04.2017թ. կարգադրությամբ «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին տրվել 6.588 մլն նվիրատվություն:
• 235-Ա 03.04.2017թ. կարգադրությամբ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն տրվում 16950.0 (տասնվեց միլիոն ինը հարյուր հիսուն) հազար դրամ:
• 256-Ա 14.04.2017թ. կարգադրությամբ «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն հատկացվում 2500.0 (երկու միլիոն հինգ հարյուր) հազար դրամ:
• 254-Ա 14.04.2017թ. կարգադրությամբ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ին որպես նվիրատվություն հատկացվել 42632.9 (քառասուներկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր) հազար դրամ:

Սրանք միայն մեկ ամսվա մեջ արված անհասկանալի նվիրատվություններն են, կարելի է պատկերացնել, թե տարվա կտրվածքով դրանք որքան կլինեն ու անել համապատասխան հետևություններ այն մասին, թե երևանցիներին ծառայելու փոխարեն բյուջեն ում է ծառայում: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այս կարգադրություններով դուրս գրված միլիոնների ծախսի նպատակն անհայտ է:

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, երևանցիներն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ և սպասվող ընտրություններում ակնկալում են այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Համոզված եմ, որ նրանք ուզում են ընտրել քաղաքական այն թիմը, որը Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման կբաշխի արդյունավետորեն, խնամքով, ծանր ու թեթև անելով և յուրաքանչյուր լումայի համար կներկայացնի հաշվետվություն:

 

Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930