Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյան. «Ոչ մի տեղ չի լինում, որ փոքրամասնությունը մեծամասնության փոխարեն բան է որոշում»

Ապրիլ 20,2017 16:36

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեջբերելով այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը, ըստ որի՝ ավագանու նիստեր կարելի է գումարել նույնիսկ 9 հոգով, արդեն 2-րդ անգամ անցկացնում է համայնքի ավագանու նիստ: 2 նիստերին էլ 33 անդամներից ներկա էին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամներ: Ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները շարունակում են բոյկոտել՝ չմասնակցելով նիստերին:

Դեռ մարտի 31-ին կայացած ավագանու առաջին նիստից հետո, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը հայտարարեց, որ նիստն իրավազոր չէ, եւ իրենք պատրաստվում են քայլեր ձեռնարկել:

Այսօր արդեն Aravot.am-ի հետ զրույցում Քրիստ Մարուքյանն ասաց, որ հստակեցրել են իրենց հետագա քայլերը եւ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

«Մենք պատրաստվում ենք վիճարկել, որովհետեւ իրենք ապօրինի նիստեր են անում: Եվ հնարավոր բոլոր օրենքները խախտվել են: Նախ` ՏԻՄ օրենքը, հետո բյուջետավորման մասին օրենքը, խախտել են նաեւ ժողովրդավարության սկզբունքները, որովհետեւ ոչ մի տեղ չի լինում, որ փոքրամասնությունը մեծամասնության փոխարեն բան է որոշում: Այս պահին մենք հայցադիմում ենք պատրաստում, որ դիմենք Սահմանադրական դատարան, որպեսզի նախ օրենքի մեկնաբանությունը եւ հիմնավորումները ճիշտ ստանանք, եւ եթե կա հակասություն, այդ հակասությունը ՍԴ-ն հակաիրավական ճանաչի եւ փոփոխություն մտցնի մեջը»:

Իսկ մինչ այդ, ավագանու կողմից հաստատված որոշումների մի մասն արդեն իսկ մտել է ուժի մեջ: Մարուքյանի խոսքով վիճարկման հետեւանքով 2 նիստերի ընթացքում կայացված այդ որոշումները կճանաչվեն անվավեր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930