Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժի ճամփորդները». Արարատի պետական քոլեջում Ապրիլյան պատերազմին նվիրված հուշ-ցերեկույթ էր

Ապրիլ 20,2017 16:17

«Այնքան հուզված եմ, կներեք, ոչ մի բան չեմ կարող ասել: Եթե փորձեմ խոսել, կլացեմ: Կլինի՞՝ հետո գրեք, ես կպատասխանեմ»: Եվ այս ամենը՝ իսկապես չափազանց հուզված, կարմրած աչքերով:

Սա՝ ապրիլի 19-ին Արարատի պետական քոլեջում կազմակերպված միջոցառման ամենավերջում էր: Իսկ ամեն ինչ սկսվեց ձևավորված ավանդույթները շարունակելու մղումով: Այս քոլեջում ապրիլն ավանդաբար հայրենասիրական միջոցառումների ամիս է: Քոլեջում պատմության դասախոս Անահիտ Սարգսյանն է ամեն անգամ խնամքով պատրաստվում ու ուսանողներին նախապատրաստում միջոցառումներին: Նախորդ տարի բաց դաս էին կազմակերպել, խոսել Ապրիլյան պատերազմի, դրա հերոսների մասին: Ու անմիջապես գաղափար էր ծնվել՝ բաց դասը վերածել ընդլայնված միջոցառման: Այս մասին միջոցառումը սկսելուց առաջ պատմեց ուսումնական հաստատության տնօրեն Էլլա Գասպարյանը:

«Մեզ մոտ հայրենասիրական միջոցառումներ հաճախ են կազմակերպվում: Մենք միշտ փորձում ենք մեր ուսանողներին հայրենասիրական ոգով դաստիարակել: Եվ իրենք էլ շատ ոգևորված են մասնակցում նմանօրինակ միջոցառումներին: Ապրիլը մեր քոլեջում հայրենասիրական միջոցառումների ամիս է: Մենք ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպում ենք ինչ-որ բան: Այս տարի, հաշվի առնելով նախորդ տարվա բաց դասի փորձը, ցանկացանք խոսել մեր հերոսների մասին: Իհարկե, ցանկանում էինք ավելի վաղ՝ ապրիլի սկզբին կազմակերպել, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով ձգձգվեց:

Այս միջոցառումը, հավանաբար, կդարձնենք ավանդական, քանի որ պետք է միշտ հիշել: Պատերազմն առանց զոհերի չի լինում: Ցավալի է, մենք չափազանց թանկ գին ենք վճարում, ու ծնողների ցավը ոչ մի խոսքով չի մեղմվի», – ասաց տնօրենը:

Միջոցառման մեկնարկով բեմը լցվեց 20-րդ դարից մինչ մեր օրը պատմությունից մեզ հայտնի բոլոր հերոսների պատկերներով: Անդրանիկից ու Գևորգ Չաուշից մինչև Մոնթե ու Դուշման Վարդան, մինչև մեր օրեր՝ Ուրֆանյան, Աբաջյան, Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան և այլք:

Միջոցառմանը հրավիրված էին նաև 116 դիրքի գնդացրորդ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները, որոնք միջոցառման ավարտին քոլեջին խորհրդանշական օրացույցեր նվիրեցին:

Լուսանկարներ հիշողության համար, կրկնապատկված հուզմունք՝ միջոցառման ավարտին.

«Պատրաստվելու ողջ ընթացքում հուզմունք ու հպարտություն եմ զգացել: Անդրանիկի հետ շատ մտերիմ եմ եղել: Միասին ենք մեծացել: Եվ հպարտ եմ իր սխրանքի համար, և շատ եմ տխրում, առանց տխրության անհնար է: Բառերով չեմ կարող նկարագրել զգացողություններս: Մեծ պատասխանատվություն էինք զգում այս միջոցառմանը պատրաստվելիս», – ասում է Էմման, որը բեմ էր բարձրացել Անդրանիկի պատկերը կրող շապիկով:

Հռիփսիմե ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930