ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին չեն հետաքրքրում առաջիկա ավագանու ընտրությունները: Նրա համոզմամբ, հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ ավագանու ընտրությունները տասներորդական տեղում է:
Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պարոն Հայրիկյանն ասաց՝ ԱԻՄ-ը միայն մի դեպքում կմասնակցեր այդ ընտրություններին. «Եթե միանային մի քանի ուժեր, մենք այդ դրոշի տակ կաջակցեինք այն ուժերին, որոնք ավագանու ընտրությունները համարում են նախնական քայլ՝ հետագա մեծ փոփոխությունների համար: Բայց, եթե Նիկոլ Փաշինյանն իր մեջ ուժ չի գտնում՝ անկախ նրանից, որ ստիպված ես առաջադրվել, թե՝ ոչ: Եթե նա ազդարարեր, որ մենք առաջադրված ենք, բայց բոլորին կոչ ենք անում ձայնը տալ Զարուհի Փոստանջյանին, որովհետեւ հարցն այն չէ, որ պետք է համայնքի ղեկավար դառնա, այլ մեծագույն համայնքն է, որով սկսում ենք լուրջ փոփոխությունների գործընթացը, բնական է՝ մենք էլ առանց որեւէ պահանջ ներկայացնելու կասեինք՝ մենք էլ ենք միանում, դարձնում ենք՝ ՀՀ ժողովրդավարության հենակետը, բայց նման բան չկա. ոչ Զարուհին է ընդունակ այդպիսի ռազմավարական ընկալման, ոչ էլ՝ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ խոսեցին, բայց խոսքից գործի անցնել չկարողացան»:
Պարույր Հայրիկյանի խոսքով, իրենց այս փուլում միայն հետաքրքրում է Սահմանադրության հարցը, ու իրենք առաջիկայում կսկսեն Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության անհամապատասխանելիության վերաբերյալ որոշ դատական գործընթացներ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ