Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանողի երազը

Ապրիլ 20,2017 15:30

Ասում են՝ ՀՀՇ-ն եկավ, բոլոր գործարանները թալանեց, ծախծխեց։ Այո՜, որոշ ՀՀՇ-ականներ դարձան գործարանների տնօրեններ ու չկարողացան արդյունավետ կառավարել։ Օրինակ՝ ես աշխատում էի Երեւանի ոսկերչական գործարանում, եւ երբ տնօրենը փոխվեց, գործարանը ուր որ է քանդվում-քայքայվում էր, մինչեւ հին տնօրենը վերադարձավ։ Բայց այդ ՀՀՇ-ական տնօրենը ոչ միայն ՀՀՇ-ական էր, այլ նաեւ տղամարդ, եւ կարելի է ամբողջ տղամարդկանց ցեղին դատապարտել, որ իրենց միջից մեկը լավ կառավարիչ չէր, կամ փլուզեց այսինչ գործարանը։

Ինչո՞ւ չէին կարող աշխատել Սովետի գործարանները՝ գոնե դրանց մեծ մասը։ Փորձեմ այս հարցին պատասխանել։

Բերեմ օրինակ։ Երեւանում կար մի գործարան, որը շպալ էր պատրաստում։ Սիբիրից Հայաստան էր բերվում անմշակ ծառի գերանը, մշակվում էր, կտրտվում, եւ նույն Սիբիրից բերված մազութի թե ձյութի մեջ էր ընկղմվում, պատրաստվում էր շպալ եւ ուղարկվում Սիբիր՝ երկաթգիծ կառուցելու։

Ես Հայաստանի այն ունիկալ գործարարներից մեկն եմ, որ կարողանում է ստեղծել պահանջարկ չպահանջվածի՝ գրքի նկատմամբ։ Իհարկե, խոսում եմ ինքնածախսածածկում չապահովող գրքերի մասին։ 100% վճարի երաշխավորությամբ եւ իշխանության հետ քիփ հարաբերություններ ունենալու դեպքում միայն ալարկոտն է, որ չի կարող արտադրել, օրինակ՝ դասագիրք։ Իհարկե, լավ դասագրքի մասին չէ խոսքը։ Բայց խոստովանում եմ, որ շպալի բիզնեսում ես չէի կարող հաջողակ լինել։ Եթե, իհարկե, գործարանը Երեւանում է։ Չկա աշխարհում մեկը, որ այս բիզնեսում կարող է հաջողակ լինել։ Քանի որ սա բիզնես չէ, այլ հիմարություն։

Եվ այդպիսի հիմարաբար կառուցված գործարաններ Հայաստանում շատ կային, որ միայն սովետական ինքնաթիռների կամ տանկերի ռադիոսարքավորումն էին ունակ տեղադրել։ Կամ որ միայն սովետական փակ ու անորակ շուկայի համար կարող էին կոշիկ պատրաստել, որ հաջորդ օրը պոկվում էր։ Կամ վերջապես հայկական արտադրության երազանքը, որ այդպես էլ կոչվում էր ԵՐԱԶ։ Երիտասարդներին ասեմ, որ այդ մեքենաները մինչեւ Աբովյան քաղաք էին հասնում, լավագույն դեպքում՝ Սեւան։ Երբ Երեւանից գնում էիր Դիլիջան, ճանապարհի ամբողջ երկայնքով շարված էին գույնզգույն ԵՐԱԶ երազները։
Իհարկե, կային նաեւ շատ լավ աշխատող հիմնարկներ։ Իմ բնագավառից պատմեմ՝ «Պարբերական» հրատարակչության տպարանն էր։ 1988-ին Սբ. Ղազարի մխիթարյանականները նվիրեցին այդ տպարանին HEIDELBERG: Սարքավորման անվանումն է։ Այսօր «Տիգրան Մեծ»-ի տպարանը չունի Սովետի արտադրած ոչ մի սարք։ Հին սարքերից ազատվել են։ Սովետի սարքերը չէին կարող մրցակցել անգամ մեր շուկայում։ Մեր բնագավառում միակ տպարանն է, որ Սովետից է մնացել։ Այո, միայն շենքը։ Մնացած տպարանները առհասարակ մեռան։ Ո՞ւր է վեցերորդ տպարանը, Կովկասի ամենամեծ տպարանը, Արգավանդինը, Առաջին տպարանի շենքն էլ չմնաց, ո՞ւր է Տպագրական կոմբինատը։

Ո՞նց ստացվեց, որ մի ամբողջ բնագավառում Սովետի ոչ մի ձեռնարկություն չդիմացավ մրցակցությանը՝ անգամ ունենալով գերմանական մեքենաներ։
Երկու խոսք էլ Գերմանիայի մասին։ Գերմանիա էլ կա, Գերմանիա էլ։ Երբ այդ Գերմանիաները միանում էին Բեռլինի պատի փլուզումից հետո, նոր պետությունը որոշեց Արեւելյան Գերմանիայի ձեռնարկությունները մեկ մարկով տալ ներդրողներին՝ խնդիրը փող աշխատելը չէր՝ ձեռնարկություններում եղած ԳԵՐՄԱՆԱԿԱՆ տեխնիկան բարոյապես եւ տեխնոլոգիապես հետամնաց էր, մաշված, մյուս կողմից՝ մարդիկ էին պետք, որ տիրություն անեին այդ գործարաններին։ Պետությունը ստանում էր աշխատատեղեր եւ հարկ։

Հիմա անգամ ամենալավ, ամենահաջողակների դեպքում ցույց տվեցի, որ Սովետի գործարանները սատկելու ենթակա էին։ Ասածս չի նշանակում, որ սեփականաշնորհման ժամանակ ղալաթներ չեն արվել, որ արդար է եղել, որ կեղծ աուկցիոններ չէին անում, որ կոպեկներով քաղաքացիներին տրված վաուչերները կոմիսիոն ունեցողները կամ տորգի տնօրենները, կամ սովետական նոմենկլատուրայի ներկայացուցիչները չէին գնում։
Պետության տեսանկյունից, կարծում եմ, ամենակարեւորն այն էր, որ պետությունը մի կողմից՝ այդ բեռից ազատվի, միգուցե եւ ինչ-որ գումար ստանա պատերազմը սպասարկելու համար, մյուս կողմից՝ որ սեփականատերերի դաս ձեւավորվի, կապիտալիստ կամ բուրժուաներ առաջանան։

Չստացվեց սերմանել Հայաստանում բաժնետիրական ընկերությունները։ Կարծում եմ՝ քանի դեռ ասացվածք կա հայերենում (բառերը թուրքերեն են՝ ասացվածքը մեր գործարարներից եմ լսել՝ Օրթախ դուշմանդ ունենա, Գործընկեր թշնամիդ ունենա), Հայաստանում չի զարգանա բաժնետիրականությունը։ Իսկ ո՞նց անենք, որ վերանան նման ասացվածքները։ Հայաստան պիտի գա մեծ բիզնեսը՝ իր կանոններով, իր բարոյականությամբ, իր մշակույթով։

Վերադառնանք շենքերին։ Ինչո՞ւ այդ սեփականաշնորհված գործարանները չեն աշխատում։ Պատասխան՝ իրենց արտադրածը ոչ մեկին պետք չէ, անգամ եթե արտադրածը պետք է, ապա այդ գնով պետք չէ։ Լավ։ Բա ինչո՞ւ չեն վաճառվում այդ շենքերն այն մարդկանց, որոնք կկազմակերպեին այդ տարածքում այլ՝ արդյունավետ արտադրություններ։ Ինչո՞ւ վաճառեն որ։ Այդ մարդիկ թքած ունեն Հայաստանի վրա։ Մյուս կողմից՝ լավ գին տվող չկա։ Երրորդը՝ ամենակարեւորը, Գույքահարկի մասին օրենքը հենց իրենց շահն է արտահայտում։ Գույքահարկը աշխատող ձեռնարկությունների համար պիտի լինի շատ ցածր, իսկ չաշխատող ձեռնարկությունների կամ հին կիսակառույցների համար պիտի լինի շատ բարձր։ Ինչո՞ւ չի փոխվում այդ օրենքը։ Այս իշխանությունը սպասարկում է Հայաստանը հարստահարած եւ դրա հաշվին հարստացած մի քանի տասնյակ ընտանիքների շահը։

Ի՞նչը կարող էր աշխատել Սովետից մնացած արդյունաբերությունից։ Եթե երկաթուղին աշխատեր, իհարկե, ավելի շատ հիմնարկներ, քան աշխատում էին։ Եթե բոլոր սահմանները բաց լինեին՝ դրանից էլ շատ։ Բայց եթե եթե-ներով չխոսենք, ապա աշխատում է այս պայմաններում հենց այն, ինչը որ աշխատում է։ Էլեկտրակայանները, որոնք մեծ ներդրումներով վերազինվել են։ Ու ոնց որ՝ պըրծ։ Դրանք էլ միայն այն պատճառով, որ ինչ արտադրես, պետությունը գնում է՝ բիզնես չկա, ռիսկ չկա։
Մի գովեք Սովետը՝ փորձելով պախարակել մեր ընտրված անփորձ իշխանությունների ծանր եւ հեղափոխական աշխատանքը։ Սովետում լավ բան չկար։ Եթե անգամ կար՝ հարամ էր, գոնե նրա համար, որ Սովետը Չարենց էր սպանել։

 

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ»

19,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալբերտ Վարդանյան says:

    Հասմիկ Պողոսյանի օրոք էս թանկաբազար, «,արագ-անորակ,, սկզբունքով աշխատող հրատարակիչը լրիվ պետպատվերի մեծ մասն իր ձեռքն էր առնում, հենց Հասմիկին հանեցին, սկսեց պետպատվերի դեմ խոսել։ Շատ սկզբունքային է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930