Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակցիզային դրոշմանիշեր ստանալու հայտը հնարավոր է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով

Ապրիլ 20,2017 14:19

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի սահմանած պահանջներն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից երկուսում: Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով հարկ վճարողները թղթային կրիչով՝ առձեռն, մաքսային, հարկային մարմիններ էին ներկայացնում դիմում: Օրենքով սահմանվել է, որ 2017թ. հունվարի 1-ից հարկ վճարողներն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար համապատասխան մարմիններին կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Գործադիրը հաստատել է հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինների կողմից վերահաշվարկված հասույթի մեծությանը համապատասխան հաշվարկված ռոյալթիի վճարման ժամանակացույցի կարգը: Առաջարկվել է սահմանել, որ կողմերի համաձայնությամբ լրացուցիչ ռոյալթիների վճարումը կարող է լինել հաստատուն կամ ճկուն ժամանակացույցով։ Հաստատուն ժամանակացույցի դեպքում վճարման ժամկետ կսահմանվի 24 ամիսը։ Վճարումները կկատարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Ճկուն ժամանակացույցի դեպքում ավելի շատ վճարումներ կկատարվեն մետաղների բարձր գների դեպքում և ավելի քիչ՝ շուկայական պայմանների վատացման դեպքում։ Համապատասխանաբար, հաշվի առնելով, որ առանձին կազմակերպությունների համար այդպիսի գնային փոփոխություններն ունեցել են համեմատաբար մեծ չափով դրական ազդեցություն, քան՝ մյուսների դեպքում, նախատեսվում է, որ գների բարձրացման արդյունքում կազմակերպությունների ստացած լրացուցիչ եկամուտների 25 – 50 տոկոսը կարող է սահմանվել որպես յուրաքանչյուր եռամսյակի համար վճարման ենթակա գումար։ Ըստ նախնական գնահատականների, եթե հետագայում պահպանվի պղնձի միջազգային գների ներկա մակարդակը, ապա առանձին կազմակերպությունների համար 2012-2016թթ. վերաբերվող լրացուցիչ ռոյալթիների վճարման համար կպահանջվի 1-3 տարի։ Գների բարձրացման դեպքում այդ ժամկետը կարող է համապատասխանաբար կրճատվել, իսկ նվազման դեպքում՝ երկարել։ Լրացուցիչ ռոյալթիների գումարի հաշվարկը կկատարի ռոյալթի վճարողը և կհամաձայնեցնի հարկային մարմնի հետ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 20 օրացուցային օրերի ընթացքում։ Վճարումը կկատարվի համաձայնեցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Ֆինանսական տարվա ավարտից հետո հաշվարկների ճշտությունը ենթակա կլինի հաստատման անկախ աուդիտորական եզրակացությամբ։ Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «2012-2016 թվականներին կուտակված ռոյալթիները ծանր բեռ են մեր գործարարների համար և որոշմամբ այն կհետաձգվի: Չնայած հարկային բեռը ռեգուլյար ավելացնում ենք, իսկ բազան՝ պակասեցնում, բայց պետք է կատարեք»:

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիները դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի

Վարչարարությունը առավելագույնս պարզեցնելու և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը: Հիմնավորման համաձայն՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում օտարերկրացիներին ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված են այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք օտարերկրացիները ներկայացնում են ՀՀ մուտք գործելու նպատակով (այդ թվում` պետական սահմանի անցման կետերում) վիզա ստանալու համար: Այն դեպքում, երբ օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզա ստանում են պետական սահմանի անցման կետում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հիշյալ որոշմամբ սահմանվում է դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջ: Դիմում-հարցաթերթիկը լրացնելը պահանջում է տևական ժամանակ, ինչի արդյունքում ՀՀ պետական սահմանի անցման կետում առաջանում են կուտակումներ, հերթեր` առաջ բերելով անձանց դժգոհությունը: Մինչդեռ պրակտիկան ցույց է տվել, որ հարցաթերթիկում տվյալների մեծ մասը լրացնելու անհրաժեշտությունը կրում է ձևական բնույթ, քանի որ դրանք հաճախ լրացվում են սխալ, չեն ստուգվում և որևէ նպատակով չեն օգտագործվում: Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող, ինչպես նաև տրամադրված մուտքի վիզայի ժամկետը ՀՀ տարածքում երկարաձգելու դեպքում դիմում- հարցաթերթիկի փոխարեն նախատեսել միայն դիմում լրացնելու պահանջ, որի ձևաչափը նույնպես սահմանվում է սույն նախագծով: Դիմումն իր մեջ պարունակելու է բացառապես անձի անուն ազգանունը, ինչպես նաև մուտքի համար անհրաժեշտ օրերի քանակը և անձի ստորագրությունը: Դիմումի առկայությունը անհրաժեշտ է պատշաճ վարչարարություն իրականացնելու, մուտքի համար տրամադրվող օրերի քանակի վերաբերյալ անձի հստակ կամարտահայտությունը ամրագրելու համար: Նման դիմումը լրացնելը անձի համար որևէ բարդություն չի ներկայացնելու: Այս դեպքում նաև լուսանկար ներկայացնելու պահանջն է վերացվում՝ քանի որ անձը հաստատող փաստաթղթում արդեն իսկ առկա է օտարերկրացու լուսանկարը:

Հստակեցվում են դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու եղանակները

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը: Նախագծով առաջարկվող լրացումներով և փոփոխություններով հստակեցվում են դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու եղանակները, սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար մինչդատական վարույթում պատասխանատվություն ենթարկելու իրավահարաբերությունը: Օրինագծով առաջարկվում է համապատասխան լրացում՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտման եղանակ նախատեսելով նաև քրեական գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցների և այլ նյութերի ոչնչացումը կամ վնասումը: Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար պատասխանատվության ենթարկվելը մինչդատական վարույթում և սահմանված պատժի չափի հստակեցման նպատակով առաջարկվում է, որ դրա հիմքով ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա նախաքննության ընթացքում՝ մինչև նախնական քննության ավարտը կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին:

Նոր աշխատատեղեր՝ ներդրումային ծրագրերի շրջանակում

Կառավարության որոշմամբ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41,849,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 100,000 ամսական միջին աշխատավարձով։ Ընկերությունն այդ նպատակով կիրականացնի 287,177,619 ՀՀ դրամի ներդրում։

Մեկ այլ որոշմամբ էլ երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատի գինու գործարան» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է ձեռք բերել խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր, որով էլ ավելի կբարձրացնի արտադրության որակը և կավելացնի արտադրանքի ծավալները։ Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է կատարել շուրջ 3,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 162, 2018թ 185, 2019թ. 195 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ: Ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը։ Ներդրումային ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն նախատեսում է կառուցել և շահագործել Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայր՝ կատարելով 179,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։ Արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` 2017թ. 525, 2018թ. 525 և 2019թ. 490 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 Տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը կօտարվի մրցույթով

Կառավարությունն ընդունել է որոշում պետական սեփականություն հանդիսացող, տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը մրցույթով օտարելու մասին որոշում: Պետական գույքի օտարման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսի չափը:  Մրցույթի հաղթողը պետք վճարի նաև շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը (100 տոկոս): Որոշմամբ նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի: 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 132 389.38 ՀՀ դրամ, ներառյալ օտարվող գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները` 167 258 365.38 ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ վաճառքի գումարի մնացած 176 874 024 ՀՀ դրամի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե, ՀՀ պետբյուջեի փաստացի մուտքերը վաճառքի դեպքում կարող են կազմել 291070182 ՀՀ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N 103 հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով: Մարտի 7-ի դրությամբ կատարվել է գույքի շուկայական արժեքի գնահատում, համաձայն որի գույքի գնահատված արժեքը կազմում է 14 008 400 ՀՀ դրամ, սակայն մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 75%-ի չափով` 10 506 300 ՀՀ դրամ: Նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի:

Դիմելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել անշարժ գույքը հնարավորինս թանկ գնով վաճառելու տարբերակը: «Իրականում պարզ չէ, թե որ մոդելն է ավելի լավ՝ աճուրդով, թե մրցույթով: Եթե մենք աճուրդով ավելի թանկ կարող ենք վաճառել և հետագայում գույքի, հողի հարկի ռեֆորմը անենք, որը նախատեսում ենք, այդ թվում չաշխատող ակտիվների մասով, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է նորից վերանայել մաքսիմալ գնով վաճառելու տարբերակը: Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Սևանա լճում նախատեսվում է տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն

 Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում: Ծրագրի շրջանակում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն: Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօդյա ավազաններ, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն): Ապրանքային ձկան արտադրությունն իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ՝ սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Արդյունքում կստեղծվեն Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակներ: Գործունեության արդյունավետ կազմակերպման արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն իշխանի պաշարների վերականգնմանը:

Այլ որոշումներ

Գործադիրը որոշել է մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 20-ը` շաբաթ օրը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է շուրջ 2637 տեղ, որից 137–ը ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման: Որոշման նպատակը պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը, սոցիալապես անապահով դիմորդներին անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը, նպատակային ուսուցման տեղեր հատկացնելու միջոցով բարձր լեռնային, սահմանամերձ շրջաններ բարձրագույն կրթությամբ մասնագետների գործուղումը: Գործադիրը հաստատել է նաև մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաև ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը:

Տուն-ինտերնատում անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հաստատել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ.նախահաշիվը: Տուն-ինտերնատի տարածքում Քուվեյթի Պետության կառավարության աջակցությամբ կառուցվել է նոր մասնաշենք, որն ապահովելու է շուրջ 70 անկողնային խնամքի կարիք ունեցողների խնամքը: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ներկա փուլում նախատեսվում է ծրագրի շրջանակներում լուծել նոր մասնաշենքի կահավորման համար անհրաժեշտ գույքի և հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման աշխատանքների ձեռք բերման հարցերը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930