Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջիհան Զիֆլիօղլուի՝ ծպտյալ հայերի մասին գիրքը ամենավաճառվածներից է Թուրքիայում

Ապրիլ 20,2017 14:30

Իսկ նրա 4-րդ` «Աչք» գիրքը չի վրիպել միջազգային PEN-ի «աչքից»

Պոլսահայ լրագրող եւ գրող Վերջիհան Զիֆլիօղլուն Երեւանում է իր նորատիպ «Աչք» եւ ծպտյալ հայերի մասին պատմող «Քավարանի հայերի պատմությունը» գրքերի առիթով: Վերջիհանը պոլսահայ երիտասարդ գրողների սերնդից վերջինն է, որ հայերեն է գրում: Նա եւս երկու գիրք ունի՝ «Անանուն երազ» եւ «Հանելուկ»:

«Առավոտի» հետ զրույցում հեղինակն ասում է, որ «Աչքը» Երեւանի մեջ ծնված իր երազն է, գրքում սրտով տեսածն է արտացոլված, երբ 2005 թ. առաջին անգամ է եկել Հայաստան, ու կանաչ աչքն ու երկիրն իրար են խառնվել:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ «Աչքի» մի հատված միջազգային PEN-ի կողմից գերմաներեն է թարգմանվել ու բավականին բարձր գնահատականի արժանացել: Գիրքը որակվել է հետաքրքիր ու մոդեռնիստական: Միջազգային անթոլոգիաներում նույնպես տեղ է գտել:

Վերջիհան Զիֆլիօղլուն ցավով փաստում է, որ Պոլսո մեջ հայերեն գրելը մեծ «կորուստ» է, պոլսահայությունը չի կարդում հայերեն, անգամ տպարան չի կարողացել գտնել գիրքը հրատարակելու համար: Նրա խոսքերով, թուրք հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն առաջարկել է իր գրատանը տպագրել, բայց այնտեղ էլ հայերեն տառեր չկային, ստիպված «Մարմարայում» են շարվածքն արել, բայց հրատարակելիս տառատեսակի հետ կապված փոփոխություններ են եղել: Վերջիհանը ժպտալով պատմում է, որ ինչպես 18-19-րդ դարերում, ձեռքով են շարել ու մեծ դժվարությամբ ծնվել է իր չորրորդ գիրքը:


Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ծպտյալ եւ մահմեդական հայերի մասին պատմող «Քավարանի հայերի պատմությունը» գրքին, որտեղ հեղինակը պատմում է արդեն հարյուր տարի մահմեդական հասարակության մեջ ապրող, իրենց ինքնությունը պարտադրաբար քողարկած ծպտյալ հայերի դժվարությունների մասին: Հարցրինք, թե ինչպես է ծնվել նման գիրք գրելու մտահղացումը:

Վերջիհան Զիֆլիօղլուն նշեց, որ 1999 թ., երբ դեռ 20 տարեկան էր ու «Հյուրիեթի» աշխատակից, իրեն հաճախ էին ուղարկում Արեւելյան Անատոլիա՝ քրդական թեմաներով նյութերի համար: Հեղինակն ասում է, որ իրեն հանդիպած մարդիկ, երբ հարցուփորձով պարզում էին, որ հայ է, սկսում էին իրենց պատմությունները պատմել: Այդպես հսկայական արխիվ է հավաքվում: Վերջիհանը այդ տարիներին զրուցել է ոչ միայն ծպտյալ հայերի, այլեւ հայերին կոտորելու հրաման կատարած Համիդյեի ողջ մնացած զինվորների հետ, նաեւ այն մարդկանց հետ, որոնք փրկել են հայերին: Ասում է՝ անդրադարձել է շատ նուրբ մի թեմայի նույնպես՝ առեւանգված ու բռնաբարված հայ կանանց ու աղջիկների մասին: Վերջիհանը կարծում է, որ ծպտյալ հայերի թիվը Թուրքիայում ավելին է, քան ներկայացվում է:

Հեղինակից տեղեկացանք, որ 4 անգամ «Քավարանի հայերի պատմությունը» հրատարակվել է Թուրքիայում եւ ամիսներով ամենավաճառվող գրքերի ցանկում է եղել: Վերջիհանը նշում է, որ հազարավոր էլեկտրոնային նամակներ է ստացել, որոնց հեղինակները ցանկացել են հանդիպել ու պատմել իրենց պատմությունը: Նաեւ խոստովանում է՝ որպես լրագրող փորձել է հնարավորինս օբյեկտիվ լինել, բայց հոգեբանորեն շատ է տանջվել նման բարդ նյութերի հետ աշխատելիս: Նրա ձեւակերպմամբ` կային մարդիկ, որոնք ծագումով հայ էին, բայց ծայրահեղ մահմեդական, օրինակ՝ մի այդպիսի հայ անգամ իր ձեռքը չուզեց սեղմել, թեեւ ծայրից ծայր պատմեց իր հուզիչ պատմությունը: «Զարմանալի էր, որ երբ հարցազրույցը վերջացավ, նա չուզեց, որ ես գնամ: Ծեր մարդ էր…Խնդրեց, որ այդ գիշեր իր տանը մնամ, ասաց, կպատկերացնի, թե իր մայրն եմ»,-հիշում է լրագրողը: Նաեւ շեշտում, որ եւ մահմեդական, եւ քրիստոնյա հայերի մեջ, չգիտես ինչու, կրոնը առաջ է մղված, փոխանակ ազգությունը առաջ մղվի: Նա նաեւ նկատեց, որ պոլսահայությունը մահմեդական հայերին այլ աչքով է նայում, մինչդեռ պետք է նրանց աջակցել, ուշադիր ռւ զգույշ լինել, որպեսզի կարողանան գործածել իրենց ինքնության խնդիրը:

Վերջիհանը նշեց, որ հարցազրույցների ժամանակ իրեն հանդիպած քրդերից շատերը խոստովանել են, որ ունեն հայ տատիկներ: Գրքի հեղինակը մի դիտարկում արեց. «Այսօր մենք քրդերի հետեւից ենք ընկած, կուսակցությունների մեջ ենք եւ կարծես պատմությունը լավ չենք հիշում»:

Մեր զրույցի ժամանակ Վերջիհան Զիֆլիօղլուն հայտնեց, որ «Ակոսը» որեւէ տողով չի անդրադարձել իր գրքին, հայկական միությունները, բացառությամբ Մխիթարյանների, հրաժարվել են սրահ տրամադրել գիրքը ներկայացնելու համար, այն դեպքում, երբ թուրքական մամուլը լայնորեն լուսաբանել է, իսկ CNN TURK-ը երկու ժամանոց հաղորդում պատրաստել: Հայկական հաստատություններից մեկի կողմից մերժվել է գիրքը հայերեն թագմանելու առաջարկը: «Արաս» հրատարակչությունը, որ նախկինում երկու գիրք է տպագրել, այս անգամ ձեռնպահ է մնացել նոր գիրքը հրատարակելուց:
Վերջիհանը ափսոսում է, որ հայերեն գրելն ու հայկական մշակույթով զբաղվելը այլեւս անօգուտ զբաղմունք է համարվում Պոլսում, իսկ ինքը կարծես Դոն Կիխոտի նման միայնակ հողմաղացների հետ պատերազմելիս լինի` առանձին է մնացել իր մեծ ցավի հետ:
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ հայկական, թուրքական եւ հունական մամուլի ընդհանրություններից, ասաց, որ երեքին էլ հիմնականում պակասում են պրպտումը, վերլուծությունները, հաճախ միմյանցից նյութեր տանելը` առանց հղումի ու հեղինակային իրավունքը պահպանելու: Զուգահեռներ տարավ հայկական եւ թուրքական լրագրության միջեւ: Նրա ձեւակերպմամբ, լավ լրագրող լինելու համար համալսարանական կրթությունը քիչ է, իմիջիայլոց, Վերջիհանը բազմաթիվ լրագրողական միջազգային մրցանակներ ունի, երեք անգամ էլ թուրքական մրցանակ է ստացել:

Տեղեկացանք, որ այս պահին ռուսական թեմայով ուսումնասիրության վրա է աշխատում, որը հավակնում է գիրք դառնալ: Տարիներ առաջ նա պրպտել է ռուսական արխիվները, գտել 1917 թ. հեղափոխությունից հետո Թուրքիա եւ այլ երկրներ փախած արիստոկրատների, որոնց հետաքրքիր ճակատագրերն առաջիկա տարիներին կներկայացվեն ծնվելիք գրքում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

19,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930