Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր Հայաստան» ծրագիրը կմեկնարկի հենց այսօրվանից. վարչապետ

Ապրիլ 20,2017 13:32

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան և այլն։ Վիճակն ուղղակի ողբերգական է և կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում»։ Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց այսօրվանից։  Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին նա հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային վերացնելու ուղղությամբ, միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ: Կառավարության ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ     աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ։

Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայնքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն:

Հանձնարարվել է նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ՝ իրականացնել ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները:

«Այս ծրագրի հետ կապված բազմաթիվ հանձնարարականներ ունենք, սակայն մենք ավելի հստակ, առարկայական ծրագիր կներկայացնենք: Պարզապես անթույլատրելի է. հանրապետությունով որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես՝ ամեն ինչ լավ է, բացի աղբահանությունից»,-նշել է վարչապետը և, դիմելով համապատասխան գերատեսչությունների ղեկավարիներին, հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին:

«Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված վարչապետը կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ սահմանել հստակ խաղի կանոններ, խախտումների տուգանքների, կանխարգելման միջոցառումների իրականացման համար: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կա որոշակի պատասխանատվություն նախատեսված աղբահանության կանոնների խախտման համար. «Սակայն դա հստակ չէ և սանկցիաների տեսանկյունից, կարծում եմ, վերանայման կարիք կա: Մենք Ձեր հանձնարարականի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում կնախատեսենք նոր հոդվածներ դրա համար»:

 Վարչապետը խիստ անհրաժեշտ է համարել հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը

Ճանապարհաշինության և միասնական երթուղային ցանցի վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տվյալ խնդիրների շուրջ վերջերս քննարկումներ ենք ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ իմ այցի ընթացքում»: Հաշվի առնելով նշված խնդիրների կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 1-ամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: Նախարարությունը պետք է նաև գնահատի ճանապարհների շահագործման գործող պայմանագրերի գործողությունը 5-ից 10 տարի երկարացնելու և մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնի տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ մարզպետերին 2-շաբաթյա ժամկետում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքներ ուղևորահոսքի վերաբերյալ ըստ ժամային կտրվածքի: Վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է նաև մինչև 2017թ. հունիսի 1-ը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը,   նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, վերանորոգման և շինարարության կարգապահությանը, սահմանել հսկողություն՝ ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է:

 Կկանոնակարգվեն ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը

Վարչապետի հաջորդ հանձնարարականը ընդերքօգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության վերաբերյալ էր: «Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների շարունակական գնահատումը և մոնիթորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից. թեև ՀՀ ընդերքի օրենսգրքով նախատեսված է ընթացիկ մոնիթորինգը, բայց իրականացման չափորոշիչները և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն: Ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատել ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Այդ իսկ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 3-ամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը:

Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտում տրամադրված բոլոր լիցենզիաները և ներդրումների պարտավորությունները. «Մենք մի անգամ զգուշացրել ենք իրենց: Ասել ենք՝ ներկայացրեք ծրագրեր: Ծրագրեր ներկայացրածների հետ պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետներ: Ովքեր չեն ներկայացրել ծրագրեր, նրանց հետ շատ կոշտ սկսում ենք խոսել լիցենզիաները հետ վերցնելու վերաբերյալ»:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930