Ռուսական Forbes պարբերականը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի վարկանիշային աղյուսակը, որում տեղ է գտել ծագումով հայ 8 գործարար:
Ռուսաստանում ապրող ամենահարուստ հայ գործարարը «Ռոսգոսստրախ» ընկերության գործադիր տնօրեն և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան): Նախորդ տարվա համեմատությամբ նա նահանջել է 1 հորիզոնականով և այս տարի 6 մլրդ 800 մլն դոլար կարողությամբ հայտնվել 18-րդ տեղում (2016թ.՝ 5 մլրդ 700 մլն դոլար):
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը 3 մլրդ 400 մլն դոլար կարողությամբ: Նախորդ տարվա համեմատությամբ նա ավելացրել է իր կարողությունը, սակայն վարկանիշային աղյուսակում նահանջել է (2016թ.՝ 28-րդ հորիզոնական՝ 3 մլրդ 100 մլն դոլար կարողությամբ):
«Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը իր դիրքերը բարելավել է 6 հորիզոնականով և 2 000 մլն դոլար կարողությամբ հայտնվել վարկանիշային աղյուսակի 48-րդ տեղում: Անցյալ տարի նրա կարողությունը գնահատվում էր 1400 մլն դոլար (54-րդ հորիզոնական):
Կարդացեք նաև
Ձեռնարկատեր, բարերար Ռուբեն Վարդանյանի կարողությունը գնահատվել է 950 մլն դոլար, վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը (2016թ. 81-րդ հորիզոնական 950 մլն դոլար կարողությամբ):
«ՍԿԱՐԼԵՏ» ընկերության հիմնադիր Ռոբերտ Ավդոլյանը 800 մլն դոլար կարողությամբ հայտնվել է 123 րդ տեղում: Նախորդ տարի 750 մլն դոլարով նա 105-րդ հորիզոնականում էր:
«ՌԵՍՈ-Գարանտիա»-ի համասեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները զբաղեցնում են համապատասխանաբար 146-րդ և 147-րդ հորիզոնականները 700-ական մլն կարողությամբ: (2016թ. համապատասխանաբար՝ 124-րդ և 125-րդ հորիզոնականներ):
Mamba և Badoo ծանոթությունների կայքերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյան) նահանջել է 31 հորիզոնականով և այս տարի զբաղեցնում է 185-րդ հորիզոնականը (500 մլն դոլար): Նախորդ տարվա համեմատությամբ նրա կարողությունը չի փոխվել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ