Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացածներն» ու հայաստանցիները համերգում կմիավորվեն

Ապրիլ 20,2017 13:30

20 երկրի 70 երաժիշտ կմիանա հայաստանյան տարբեր նվագախմբերից
20 արտիստների եւ կոգեկոչի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը

Համահայկական նվագախումբը Ազգային օպերային թատրոնում ապրիլի 24-ին կայանալիք համերգով կոգեկոչի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: 20 երկրի 45 քաղաքներից 70 երաժիշտներ կմիանան հայաստանյան տարբեր նվագախմբերից 20 արտիստների՝ հնչեցնելով բացառապես հայ կոմպոզիտորների երկեր: Նվագախումբը կղեկավարեն Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, Կարեն Դուրգարյանը, Կոնստանտին Օրբելյանը: Կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը, մեներգիչներ՝ օպերային դիվա, սոպրանո Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), նաեւ երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, ջութակահար Դիանա Ադամյանը եւ շեփորահար Դանիել Մելքոնյանը:

«Առավոտը» ներկա գտնվելով նվագախմբի փորձին, պատահականության սկզբունքով հարցազրույցի հրավիրեց հայրենիք ժամանած մի քանի երաժշտի:

Կանադայում ծնված եւ ուսում առած ջութակահար Վան Արմենյանի անունը վաղուց մեզ մոտ ասոցացվում է Աթքեն Արմենյան հիմնադրամի հետ: Երաժշտին հիշում ենք դեռեւս 1990-ականների վերջերին Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգից: Նրա հայրը՝ պարոն Արմենյանը, որը Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտորն էր, ժամանակին տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացրել մարզերում՝ հիմնականում կրթական: «Հայրս կփափագեր, որ վաստակած հանգստի անցնելուն պես զբաղվեր զուտ հայաստանյան մարզային բարեգործությամբ: Նրա մահից՝ 2008-ից ի վեր ես կղեկավարեմ հիմնադրամը, անկեղծ ասած՝ շեշտադրելով երաժշտարվեստի ոլորտը»,- հայտնեց ջութակահարը: Հավաստիացնելով, որ մարզերում հիմնադրամը ձեռք է մեկնում նաեւ գյուղատնտեսությանը, առողջապահությանը, կրթաթոշակ սահմանելով նաեւ ուսանողների համար, օրինակ բերեց Եղեգնաձորի մանկական երգչախումբը, որը 2015թ. Վրաստանում անցկացված «Առագաստ» միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:

Անդրադառնալով իր՝ ջութակահարի գործունեությանը, երաժիշտն ասաց, որ ժամանակ առ ժամանակ հրավիրվում է տարբեր նվագախմբերի կողմից իբրեւ կոնցերտմայստեր, այդ թվում՝ Վերմոնտի, Ալբանի, Ռեգինայի սիմֆոնիկ, ինչպես նաեւ Ճապոնիայի, Կոլորադոյի, Բոստոնի, Քվեբեկի եւ այլն: Ի դեպ, ջութակահարը «Արարատ» տրիոյի կազմում (որի հիմնադիր անդամն է 2008թ.) համերգ է ունեցել Նյու Յորքի Քարնեգի հոլլում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ հիմնադրամի նախաձեռնությամբ հայաստանցի մանկավարժները պարբերաբար վարպետության դասեր են անցկացնում Կոտայքի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում եւ Ջավախքում:

Պորտուգալաբնակ ամուսիններ, ջութակահար Լիլիթ Դավթյանն ու թավջութակահար Հրանտ Երանոսյանն ասում են, թե իրենք միակ հայ ընտանիքն են Պորտոյում եւ տեղի ինտերնացիոնալ՝ 12 ազգի երաժիշտներից կազմված սիմֆոնիկ նվագախմբի արտիստներից են, որի գեղարվեստական ղեկավարն է Շվեյցարիայից Բալդուր Բրոնիմանը: Ամուսինները, որոնք Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ են եւ 1990-ականների վերջերից են Պորտոյում, նշեցին, որ Հայաստանում բնակվելու տարիներին իրենք աշխատում էին մի քանի կոլեկտիվներում, այդ թվում՝ ռադիոյի սիմֆոնիկ, պետական կամերային նվագախմբերում, «Տաղարան» անսամբլում եւ այլն: Նրանց խոսքերով՝ ֆինանսապես չէին նեղվում, բայց հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հայտնվեցին, ինտեգրվեցին օտար երկրի մշակույթին, չունեն: Ավելին՝ թեեւ բացի նվագախմբից, աշխատում են իբրեւ մանկավարժներ եւս, տարբեր կամերային կազմերով հաճախ կոմիտասյան ստեղծագործություններ են հրամցնում օտար հանդիսատեսին, բայց վերադարձի մասին մինչ օրս մտածում են, ինչը անպայման կկայանա, բայց երբ՝ չգիտեն:

Թավջութակահար Գարիկ Թերզյանը, որը դարձյալ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ է, դժվարին 1990-ականներից ապրում եւ ստեղծագործում է Լոս Անջելեսում: Ելույթներ է ունեցել նախկին խորհրդային երկրներում, Մեքսիկայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Չեխիայում, աշխատել է Հայաստանի պետական, «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախմբերում, Beverly Hills Chamber եւ Sout Chamber նվագախմբերում, լոսանջելեսյան դաշնամուրային Elixir տրիոյի անդամ է: Ասում է, որ տարբեր նվագախմբերի կողմից ցանկացած հրավերների դեպքում մշտապես առաջարկում է նաեւ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն: Անկեղծանում է նաեւ, թե ԱՄՆ-ում հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործույթուններ քիչ են կատարվում. դա էլ իր պատճառն ունի՝ հայ համայնքն ավելի շատ ճանաչված հեղինակների է ձգտում՝ Կոմիտասից Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Միրզոյան, Հարությունյան, Մանսուրյան…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Հրանտ Երանոսյանը, Լիլիթ Դավթյանը, Գարիկ Թերզյանը եւ Վան Արմենյանը:

 

«Առավոտ»

19,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930