Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկաններն էլ աղբի հարցերով կզբաղվեն. Վարչապետն այդպես է որոշել

Ապրիլ 20,2017 12:32

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ համայնքների աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքներին՝ հայտարարելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ վիճակն ուղղակի ողբերգական է: Վարչապետը նկատողություն արեց մարզպետներին եւ համայնքների ղեկավարներին, նախարարներին հանձնարարեց կոշտ գործողությունների դիմել:
Պարոն Կարապետյանը հանձնարարեց վերացնել ճանապարհամերձ հատվածների աղբի կուտակումները, մաքրել գյուղերն ու քաղաքները, ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային վայրերին. «Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների՝ տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաեւ իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը: Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման համար, այլ նաեւ հատկապես՝ ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղbը հավաքելու եւ տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար»:
Վարչապետն ասաց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանը բոլորրի համար գրավիչ դարձնելու քաղաքականությունը, բայց զբոսաշրջային վայրերում անմխիթար վիճակ է: Նա նշեց, որ հենց այսօրվանից պետք է սկսել «Մաքուր Հայաստան» ծրագիրը:

Կառավարության անդամներին հանձնարարվեց երկամսյա ժամկետում ձեռնարկել քայլեր ոլորտային ենթակայությամբ գտնվող տարածքների աղբահանության եւ սանիտարական մաքրման խնդիրները վերացնելու ուղղությամբ: Արդարադատության նախարարին հանձնարարվեց երկու ամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր ներդնելու վերաբերյալ: Նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակն, ըստ վարչապետի, պետք է ընդլայնվի:

Ոստիկանության պետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը Ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը:

Մարզային ու համայնքային ծրագրերում, ըստ վարչապետի, պետք է հստակ սահմանվեն աղբահանության միջոցառումներն ու դրանց կատարման նկատմամբ պետք է սահմանվի խիստ հսկողություն: «Ուղղակի անթույլատրելի վիճակ ա, հանրապետությունով, որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ խոսում ես, ամեն ինչ լավ ա, բացի աղբահանությունը: Պարոն Կարայան, հատուկ ուշադրություն եք դարձնում զբոսաշրջային վայրերին, Սեւանի կղզու, եկեղեցու կողքը, ինչպես նաև Նարեկ Սարգսյան, բոլոր տուրիստական զոնաներում աղբահանության հետ կապված հատուկ ուշադրություն դարձրեք: Դուք մի հատ նայեք ընդեղի բուտկաները եւ այլ շինությունները, հատուկ էս գոտիով մի շաբաթվա ընթացքում անցնում եք ու կարգավորում: Մանավանդ էդ Սեւանի եկեղեցին գնալու ժամանակ ավելի լավ ա ընդեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Սեւանի ճանապարհներին ձուկ վաճառողների էդ փաթեթները, եթե քամի ա, օդի մեջ ա, եթե չէ, գետինը չի երեւում: Մաքսիմալ կոշտ, պարոն Լոքյան»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ապա վարչապետը ասաց. «Ինչ եմ խնդրում, «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված, մենք արդարադատության նախարարին, որպեսզի ինքը պատրաստի խախտումների խաղի կանոններ»:
Նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր օրենսդրական հոդվածներ կմշակեն:

Վարչապետը նաև դիմեց ոստիկանապետին. «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց, թե չեն կարող այդպես անել. «Սակայն այստեղ ամենակարեւոր խնդիրն այն է՝ որտեղ հիմա արդեն կեղտոտ ա, բոլորը միանգամից վերսկսվեն այդ աշխատանքները: Եթե պետք ա օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք եւ այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Կարեն Կարապետյանը շարունակեց կրկին աղբահանության թեման. «Էլ էսօր «Մաքուր Հայաստան» ծրագրին չեմ անդրադառնա, չնայած ժամերով կարամ խոսամ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930