Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Հենց հիմա Հաղթանակի այգու դիմաց դղյակ են սարքում, ո՞վ է իրավունք տվել». «Հրապարակ»

Ապրիլ 20,2017 12:27

Հարցազրույց երաժիշտ Արթուր Իսպիրյանի հետ

– Տարոն Մարգարյանն իր վերջին հարցազրույցում ասել է՝ իր ամենակարեւոր գործն այն է եղել, որ վերականգնել է երեւանցու հավատն իր քաղաքի հանդեպ։ Ձեր հավատն ինչքանո՞վ է վերականգնված։

– (Ծիծաղում է) Ես Տարոն Մարգարյանի մասին շատ լավ բաներ եմ լսել, որպես լավ ընկեր, բայց այն, ինչ որ ինքն Ավանում էր անում, շատ քիչ է, որ կարողանա Երեւանում անել։ Եթե Ավանում ստացվել է իր մոտ, ապա Երեւանն Ավան չէ, Երեւանը մի մեծ տնտեսություն է, որը պետք է չգիտեմ քանի տարիների փորձ ունենաս, ինչքան աշխարհ ման եկած լինես, որ կարողանաս համ գեղեցիկը տեսնել, համ տգեղը։ Հետո՝ այդ ամեն տգեղությունը միայն Տարոն Մարգարյանի օրոք չի եղել, խորհրդային տարիներից սխալ է գնացել, ու հիմա ավելի սխալ են անում, հատկապես փոքր կենտրոնը դարձնել բետոնե մոնստր, դա աններելի բան է, ու էլի կդարձնեն, քանի դեռ ոչ ոք չի պատժվել իր սխալ արարքի համար։ Անպատժելիության մթնոլորտը թույլ է տալիս, որ ով ինչ ուզի, սարքի։ Հենց հիմա Հաղթանակի այգու դիմաց դղյակ են սարքում, ո՞վ է իրավունք տվել այդտեղ, որը վաղուց դարձել է տուրիստական կենտրոն, դղյակ կառուցել։ Գիտե՞ք ամեն օր քանի տուրիստական ավտոբուս է գալիս, եւ ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ իրենք մի աչքով նայում են այդ դղյակին ու գիդին հարցնում են՝ այս ում տունն է, այդ գիդն էլ իր հերթին է կարմրում, չգիտի ոնց պատասխանի, որ չամաչի։

– Ամեն դեպքում, առաջիկա ընտրություններում Դուք ինչպե՞ս եք կողմնորոշվելու, գուցե կուսակցությունների առաջարկած ծրագրերով՝ քաղաքի զարգացման հետ կապված։

– Ոչ թե ծրագրով, այլ թե ով ինչ թիմ կառաջադրի։ Թիմը տեսնեմ՝ կասեմ։ Թող ներեն իմ ընկերները, բայց երգիչներին ընտրելով ավագանու անդամ, դա չի նշանակում, որ իրենք ամեն ինչ կարող են աշխատել։ Հա, կարող են խորհուրդներ տալ, բայց մասնագետներ են պետք՝ դիզայնի, տրանսպորտի, էկոլոգիայի ու անկախ, որ ոչ մի բանից չվախենան, որ չասեն՝ վայ, կարող է նեղանան մեզնից, որ էս հարցը բարձրացնենք։ Ում թիմը լավը եղավ, նրան էլ կընտրեմ։ Երիտասարդ լավ տղերք կան՝ Ալեն Սիմոնյանի նման, ում հետ քաղաքով ման ենք գալիս ու տեսնում թե, ասենք, մի տգեղ տոմսարկղ ուր են բերել դրել։ Կուզեմ այդպիսի մարդիկ լինեն, որ նկատող լինեն, չվախենան ինչ-որ անուն-ազգանուններից եւ մերժեն դրանց վատ ծրագրերը։ Սփյուռքից այնքան լավ մարդիկ են գալիս, միլիոնատեր մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ լավ բան անել՝ այգի, ֆանտան, բայց ո՞վ է թողնում, ամեն ինչ վաճառված է արդեն։ Հետո՝ այսքան նորակառույց շենքեր են սարքում, բայց մեկին չտեսա, որ իր շենքի կողքը ծառ տնկի, Կասկադի վերեւի հատվածը տեսեք, թե ինչ շենքեր են կառուցել, նախ ամեն մեկն իր բարձր պարիսպներն է դնում, հետո՝ մանղալները, մանղալի կողքն էլ կանգնեցնում են ախրանային, ու ոչ ոք չի մտածում մի հատ մայթ կամ այգի սարքի իր տան կողքը, մի հատ նստարան դնի, ի՞նչ ասեմ՝ փնթի մարդիկ են:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930