Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ավելի բարձր մակարդակի վրա է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում, քան Ադրբեջանը. (Ֆոտոշարք)

Ապրիլ 20,2017 12:15

Ըստ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի
քաղաքական հարցերով պատասխանատուի` մարդու իրավունքների
ու խաղաղապահ առաքելության ոլորտներն Ադրբեջանին չեն հետաքրքրում:

Վաշինգտոնը հազիվ թե բավարարի Անկարայի սպասելիքները` չաջակցել Սիրիայի քրդերին

Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան եւ «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի հետ համատեղ անցկացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում որպես զեկուցող անցյալ հանգստյան օրերին Ծաղկաձոր էր ժամանել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Անջեյ Կլիմչիկը: Ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նախաշեմին դիվանագետը ելույթ ունեցավ հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների երիտասարդների առջեւ` «Տարածաշրջանային կայունությունը Հարավային Կովկասում եւ Թուրքիայի դերը տարածաշրջանում՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ» թեմայի շրջանակներում:

Անջեյ Կլիմչիկը նախ` Թուրքիայում չորս կարեւոր գործոններ առանձնացրեց: Առաջինը, ըստ նրա, ներքին գործոնն է` սահմանադրական հանրաքվեն, երկրորդը` Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, երրորդը` Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, եւ չորրորդը` թուրք-սիրիական խնդիրը:

Մինչեւ ԱՄՆ-ում Թրամփի նախագահությունը, ըստ Կլիմչիկի, երկու հարցեր կային, որոնք խոչընդոտում էին թուրք-ամերիկյան հարաբերություններին, առաջինը` Սիրիայի քրդերի նկատմամբ մոտեցումների տարբերությունը, երկրորդը` անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հարցում պաշտոնական Անկարայի կողմից իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրելը, որը, ինչպես հայտնի է, բնակվում է ԱՄՆ-ում, իսկ պաշտոնական Անկարան ձգտում է հասնել Գյուլենի արտահանձնմանը: Այս հարցերն էին թուրք-ամերիկյան վերջին բանակցություններում մարտի վերջին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի` Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ նկատեց բանախոսը՝ այդ երկու խնդիրները համարելով այսօր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ամենահիմնականը:

«Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ Թուրքիան առանցքային դաշնակից է, եւ կարեւորեց Թուրքիայի դերը ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- ասաց Անջեյ Կլիմչիկը` միաժամանակ նկատելով, որ չնայած այս հայտարարություններին` պահպանվում են որոշ դիրքորոշումների տարբերություններ, մասնավորապես՝ նա հիշեցրեց, որ դեռ Օբամայի նախագահության շրջանում Անկարան քննադատում էր ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում. «Քրդերի, քրդական պետության հարցը պետք է որոշվի առաջիկայում: Թուրքիայի համար սա շատ ցավոտ հարց է: Վաշինգտոնը բացահայտ աջակցում է Սիրիայի քրդերին, քրդական երկու կուսակցություններին, որոնց Թուրքիան ահաբեկչական խմբավորումներ է համարում»:
Անջեյ Կլիմչիկի կարծիքով՝ մարտի վերջին Թիլերսոնի` Թուրքիա կատարած այցից առաջ Անկարան գնաց զիջման, հավանաբար, Վաշինգտոնի ճնշման ներքո՝ ավարտելով «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որը Թուրքիայի զինված ուժերը իրականացնում էին Սիրիայում` ընդդեմ ԴԱԻՇ-ի գրոհայինների: Կլիմչիկի համոզմամբ` Անկարան Վաշինգտոնից ակնկալում է, որպեսզի նրանք հրաժարվեն աջակցել Սիրիայի քրդերին, սակայն նրա կարծիքով՝ հազիվ թե Վաշինգտոնը նման որոշում կայացնի:

«Էրդողանի ամենամեծ սխալը մեծ հավակնություններն են»

Անդրադառնալով Թուրքիայի ձգտումներին` տարածաշրջանում գերիշխող պետություն դառնալու, Անջեյ Կլիմչիկը առանձնացրեց Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, սակայն նկատեց` արդյո՞ք այդ հարաբերությունները կլինեն երկարաժամկետ, թե ոչ` ապագայի հարց է:

Անդրադառնալով Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին` Անջեյ Կլիմչիկը նշեց, որ Էրդողանն արդեն 14 տարի է՝ ղեկավարում եւ ցանկանում է ավելին: «Բայց այսօր ես չեմ տեսնում նոր գաղափարներ Թուրքիայի համար: Վերջին հինգ-վեց տարիներին երկու հիմնական սխալներ կառանձնացնեի` նեոօսմանիզմի ստեղծման փորձերը, որն այսօր անիրագործելի է, եւ Մեծ Թուրանի ստեղծումը, որն ուղղված է թուրքալեզու պետությունների, ԱՊՀ երկրների համախմբմանը: Երկու ուղղություններում էլ Էրդողանը պարտություն կրեց: Կարծում եմ՝ եթե նա շարունակի այդպիսի քաղաքականություն վարել, կարող է հասնել այն բանին, որ Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի տարածքներում նոր պետություն ստեղծվի»,- նկատեց նա` հավելելով, որ Էրդողանի ամենամեծ սխալը մեծ հավակնություններն են, կրկին կայսրության, նեոօսմանիզմի ձգտելը:

Թեեւ Անջեյ Կլիմչիկի ելույթը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից մեկ օր առաջ էր, բայց նա վստահ էր, որ Էրդողանի «այո»-ն կհաղթի: «Իմ կարծիքով՝ այսօր Թուրքիայի համար պատմական որոշումներ կայացնելու շրջան է, պետք է որոշակիացվի այդ երկրի զարգացման ուղին: Թուրքիան այսօր չունի այդքան ուժ ու միջոցներ, որպեսզի կռիվ տա երեք ճակատներում` նեոօսմանիզմի եւ Մեծ Թուրանի ստեղծման ու քրդերի դեմ պայքարում»:

Անջեյ Կլիմչիկի կարծիքով՝ Թուրքիան այսօր էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներում առավելապես համագործակցում ու խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ ոչ թե ԵՄ-ի ու ԱՄՆ-ի: Նա Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ խնդիրներից որպես ամենահիմնական առանձնացրեց միգրացիոն խնդիրները, Թուրքիայի կողմից շարունակական պահանջներ ներկայացնելու քաղաքականությունը, որ եթե ԵՄ-ն չտրամադրի 5 միլիարդ եվրո այս տարի, ապա Թուրքիան թույլ կտա 3 միլիոն փախստականների անցումը ԵՄ տարածք:

ՆԱՏՕ-ն երբեք չի թելադրում գործընկերներին

ՆԱՏՕ-ի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ թեմային անդրադառնալիս Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Անջեյ Կլիմչիկը մի քանի անգամ շեշտեց, որ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է, թե ինչ են ցանկանում գործընկեր երկրները, քանի որ ՆԱՏՕ-ն երբեք չի թելադրում երկրներին, այլ երկրներն են որոշում, թե իրենց ինչ է անհրաժեշտ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից:

Օրինակ՝ Հայաստանի համար առավել առաջնահերթ է կոռուպցիայի դեմ պայքարը Զինված ուժերում, երկրորդը` բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, երրորդը` զինված ուժերում կանանց մասնակցությունը: «Այս ոլորտներում է Հայաստանն արդյունավետ համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, եւ Հայաստանն, օրինակ, ավելի բարձր մակարդակի ու արդյունավետ մասնակցություն ունի խաղաղապահ առաքելություններում, քան Ադրբեջանը, քանի որ հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում ե՛ւ Աֆղանստանում են, ե՛ւ Կոսովոյում: Իսկ Ադրբեջանին հետաքրքրում է մեզ հետ համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում: Բայց, օրինակ, մարդու իրավունքների ու խաղաղապահ առաքելության ոլորտները Ադրբեջանին չեն հետաքրքրում»:

Շեշտելով Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ համագործակցությունը Զինված ուժերում` Անջեյ Կլիմչիկը հավելեց. «Մենք բոլոր ցանկացող երկրներին հնարավորություն ենք տալիս համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանն ինքնիշխան երկիր է, եւ ինքն է որոշում, թե որքանով պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի կամ որեւէ այլ կառույցի հետ»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930