Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցրաշենցիներին կրկին խաբել են. սպիրտը անորակ է եղել (Տեսանյութ)

Ապրիլ 20,2017 11:42

Քաղցրաշենցիները այսօր կրկին կառավարության շենքի առաջ էին, չնայած այն բանին, որ նրանց խոստացել էին հանձնած խաղողի դիմաց «Վինար» ընկերության ունեցած պարտքերը ամբողջությամբ մարել: Այսօր նրանք կրկին ձեռնունայն էին եկել: Պետական եկամուտների կոմիտեն «Վինար» ընկերության պահեստներում եղած սպիրտը կապարակնքել էր, որպեսզի այն վաճառեն եւ գյուղացիների պարտքերը մարեն:

Սակայն այսօր քաղցրաշենցիների հետ հանդիպած գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ սպիրտի լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն շատ ցածր որակի է եւ որեւէ ընկերություն, ում հետ որ պայմանավորվել էին սպիրտն իրացնել, չի ցանկացել այն գնել:

Ռոբերտ Մակարյանի այն պնդումներին, թե «Վինարի» սեփականատերը որոշ գումար բաժանել է, քաղցրաշենցիները վստահեցրին, որ պարտք ունեցող գյուղացիներից մեկ տոկոսին է այն հասել, մնացածը մարզպետի, միլպետի, բարեկամների հարցերն են լուծել:

Մեր այն հարցին, թե ի՞նչ գումար է բաժանվել, Ռոբերտ Մակարյանը պատասխանեց, որ սեփականատերը վարկ է վերցրել, որ գյուղացիների պարտքերը մարի: Ռոբերտ Մակարյանը նաեւ ասաց, որ այսօր «Վինարի» սեփականատերը խոստացել է որոշ գումար տրամադրել եւ գյուղացիների մի մասի պարտքերը մարել, սպասում են:

Այս պահին քաղցրաշենցիները սուլոցներով փորձում են կառավարության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել իրենց բողոքի ցույցին: Հարցին՝ վարչապետը տեղյա՞կ է, որ «Վինարի» սեփականատերը չի կատարել խոստումը, Ռոբերտ Մակարյանն ասաց, որ նախարարն այսօր վարչապետին կասի այդ մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930