Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նոր կանոնների կիրառման հետեւանքով, համեմատած նախորդների հետ, մեդալների համար պայքարն անհամեմատ դժվարացել է:
Դեռ մրցավայր մեկնելուց առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այս մասին հայտարարել էր լրագրողներին՝ ասելով, որ այս ժամանակահատվածում անգամ եզրափակիչ անցնելը տղաների համար կարելի է հաջողություն համարել: Սակայն Եվրոպայի առաջնությունում մեր մարմնամարզիկների մեկնարկն ավելի քան հաջող է ստացվել:
Մրցավայրից Aravot.am-ի հետ զրույցում մարզիչը տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականի չորս անդամներ հաղթահարել են որակավորման փուլը եւ եզրափակչում են. առանձին գործիքների վրա մեդալների համար պայքարը շարունակում են ութ լավագույնները, իսկ բազմամարտում՝ 24-ը:
Նժույգ թափերում Հարություն Մերդինյանը ցույց է տվել չորրորդ արդյունքը, օղակներում՝ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը, համապատասխանաբար, երկրորդը եւ չորրորդը, հենացատկում՝ Արթուր Դավթյանը վեցերորդը: Արթուր Դավթյանը ութերորդն է եղել նաեւ բազմամարտում եւ այստեղ էլ պայքարը շարունակելու իրավունք է նվաճել:
Կարդացեք նաև
Վաղը կկայանա բազմամարտի, ապրիլի 22-ին՝ նժույգ թափերի եւ օղակների, իսկ հաջորդ օրը՝ հենացատկի եզրափակիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Դավթյանի ՖԲ էջի