Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի իտալերենով ողջույնը Սերժ Սարգսյանի հարազատների հովանու ներքո անցկացվող փառատոնին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 19,2017 23:23

Գյումրու դրամատիկական թատրոնում պաշտոնապես բացվեց «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը, որին այս տարի մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ աշխարհի 35 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իրանից, Իտալիայից, Լատվիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Այն սկսվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ելույթով։

Դահլիճում նստելու ազատ տեղ չկար, ինչպես իր ելույթում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իրեն շատերն են Երևանից զանգահարել ու հրավիրատոմսեր խնդրել, սակայն չի կարողացել տրամադրել, քանի որ թատրոնում տեղերը սահմանափակ են։ Սամվել Բալասանյանը ներկաներին նաև հիշեցրեց, որ ինքը նախորդ տարի փառատոնի մասնակիցներին խոստացել էր մի մեծ համերգասրահ սարքել Ալեքսանդրապոլի ամրոցում (խոսքը, ի դեպ, Բալասանյանների ընտանիքին պատկանող Սև Ղուլի՝ բերդի մասին է) հենց այս փառատոնի համար։ Այն այժմ պատրաստ է, սակայն, ըստ քաղաքապետի, այս անգամ էլ սցենարից ելնելով՝ նպատակահարմար գտան անցկացնել Վարդան Աճեմյանի անվան թատրոնում։ Նա խոստացավ մյուս տարի այս փառատոնն անցկացնել Ալեքսանդրապոլի ամրոցում։

Ի դեպ, Գյումրու քաղաքապետը ներկաներին բարևեց երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և իտալերեն։ Նշենք, որ Գյումրու քաղաքապետը բավական լավ խոսում է ռուսերեն, նա որոշակի չափով տիրապետում է նաև անգլերենին․ ավարտել է Գյումրու անգլիական թեքում ունեցող Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը, սակայն այսօր անսպասելի էր նրա իտալերենով ողջույնը։ Հետաքրքիր է նաև այն, որ Սամվել Բալասանյանին բեմ հրավիրեցին ոչ թե միջոցառման սկզբում, այլ չինացի մասնակիցների ելույթից առաջ։ Գյումրու քաղաքապետը, որը գործարար կապերի մեջ է գտնվում չինացիների հետ, Չինաստանի Սիան քաղաքի պատվավոր քաղաքացի է, կարծես նրանց դեսպանը լիներ Գյումրիում։

«Եթե մի փոքր էքսկուրս կատարենք և 2008 թվականը հիշենք, որ նոր սկսեցին «Վերածնունդ» փառատոնը, մասնակիցներն ընդամենը 590 էին և ընդամենը 5 երկրներից էին եկել, այսօր 35 երկրի ներկայացուցիչներ կան և 3000 մասնակիցներ։ Ինձ էսօր զարմացած մեկն ասում է՝ էսպիսի բան մեծ քաղաքներում չեն կարող կազմակերպել, դուք ո՞նց եք կազմակերպել։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, եկեք ծափահարենք նրանց նույնպես, շատ մեծ գործ են արել։ Ես՝ որպես քաղաքապետ, հպարտանում եմ, որ այսպիսի լավ միջոցառում ենք անցկացնում մեր քաղաքում։ Անելու ենք ամեն ինչ, որ երաժշտության լեզուն, որը միջազգային լեզու է․․․ Օրինակ՝ ո՞նց կարող են Կոմիտաս չհասկանալ, կարող են իտալերեն կա չիներեն չհասկանալ, բայց կհասկանան երաժշտության լեզուն»,-ասաց քաղաքապետը։

Սամվել Բալասանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին։

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու քաղաքապետարանը։ «Վերածնունդ» փառատոնի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահներ են Ամենայն Հայոց կաթողիկոսը ու Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը: Այսօրվա փառատոնին ներկա էր միայն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախագահի հարազատները չէին եկել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Эрика says:

    эти три слова приветствия на иностранных языках знает каждый ребенок детсада, удивляюсь, чему дивится ваш корреспондент?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930