Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Պաչյան. «Ցտեսություն, Ծիտ, քեզ նույնիսկ մոռացումը չի փրկի»

Ապրիլ 19,2017 22:30

Ապրիլի 19-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի վերամշակված տարբերակի շնորհանդեսը:

Գիրքը հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը:

«Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որ լույս է տեսել 2012թ.-ին: Վեպում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:

«Դժվար է ասել՝ ինչու անհրաժեշտություն առաջացավ հրատարակել վեպը փոփոխություններով: Կան բացառիկ գրողներ, որոնք գոհ են իրենց գործերից, ես այդ շարքում չեմ: Երբ վերընթերցեցի վեպը, հասկացա, որ իրականում ամեն ինչ վատ է: Ուզում էի նորից գրել՝ ամեն ինչ փոխելով: Բայց ինչպես ամբողջովին փոխել, եթե հինգ-վեց տարի առաջ գրող հեղինակը այդպես է մտածել: Հասկացա, որ արմատական փոփոխություններ պետք չեն»,-նշում է Արամ Պաչյանը:

Գրքի անգլերեն թարգմանությունը կատարել է Նաիրի Հախվերդին: «Պաչյան թարգմանելը ամբողջովին փոխեց թարգմանություն անելու իմ համակարգը: Տեքստը այնքան խիտ ու դժվար էր, որ մի քանի անգամ կարդում էի նույն նախադասությունը: Բայց դա օգնեց շատ ավելի հեշտ կատարել ուրիշ թարգմանություններ»:

Ինչպես նաև ցուցադրվեց Մերի Մկրտչյանի «Վերջաբանի փորձը» ֆիլմը, որտեղ Պաչյանը խոսում էր գրող լինելու հրապույրի և դժվարությունների, վեպում կատարած փոփոխությունների մասին: «Ուզում էի «Վերջաբանի փորձով» հասկանալ՝ ով է վեպը պատմողը, ինչու են դերանունները փոխվում, ինչու է գնալով գերակշռում երկրորդ դեմքը:

Ցտեսություն, Ծիտ, քեզ նույնիսկ մոռացումը չի փրկի»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքերով՝ Պաչյանը նոր շունչ է բերել հայ ժամանակակից գրականություն թե’ որպես գրող, թե’ որպես մարդ: «Եթե մի քանի տարի առաջ լսեինք, որ հայ գրողը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ֆանտաստիկայի ժանրից կթվար այդ միտքը, այսօր դա իրականություն է»:

Իսկ գրքի վաճառքից ստացված ամբողջ շահույթով կհրատարակվի այլ հեղինակի առաջին գիրքը:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Արժեր փոխել վեպը, քանի որ թույլ էր, ձգձգված:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930