Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիյոնն ու Լը Պենը փոխլրացնում են իրար Արցախյան հակամարտության լուծման տարբերակներով

Ապրիլ 19,2017 22:50

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու կարեւորագույն թեկնածուների հայտարարությունները՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման  պատկերացումներ փոխանցելու ուղղությամբ դիտարժան կետեր են ներառում իրենց մեջ։ Որքան էլ դրանց նայենք ընտրական շարժառիթների նկատումով, այնուամենայնիվ խնդրի իրազեկման հակամարտության էության, պատմականի նկատմամբ իրազեկվածության երեւույթը փաստացի է։ Առավել եւս, երկուսն էլ նախապատրաստված են այս հարցի դիմագրավմանը ճշգրիտ պատասխաններ տալու։ Պարզ է, որ ընտրական նկատումներից մեկնած հայանպաստ լինելու ճիգը կարող է ակներեւ թվալ եւ օրինաչափ հնչել, այնուամենայնիվ պիտի հիմնավորյալ լինի խոսքը. եւ այս առումով դա աշխատել է։

Նախ, մեջբերենք երկու թեկնածուների Արցախյան հակամարտության լուծման համար իրենց ունեցած պատկերացումների մասին կատարված հայտարարությունները։

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել էր, որ «Հանդիպելով ﬕջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»: Իր խոսքով` այդ երկրի հայկական ծագմամբ քաղաքացիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: «Ես նույնպես անհանգստացած եմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանը պայթյունավտանգ է: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, ով 1921թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ և տևական լուծում գտնելը»,- ամփոփել է Ֆիյոնը:

Իսկ ազգայնական աջակողմյան դիմագծով հայտնի կուսակցության թեկնածու Մարի Լը Պենը ասել է. «ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,- նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Լը Պենը կարծում է նաև, որ Ֆրանսիան պետք է շարունակի մի շարք երկրների հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով նաև տարբեր երկրների հետ ունեցած պատմական կապերը: «Մերձավոր Արևելքում Ֆրանսիան պետք է վերագտնի իր առաջնակարգ դերը, մասնավորապես որպես Արևելքի քրիստոնյաների պաշտպան, ինչպիսին նաև եղել է դեռևս Ֆրանսուա I-ի օրերից, սակայն այդ դերն արհամարհվել է վերջին տասնամյակներին»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Երկու թեկնածուների հարցի լուծման պատկերացումների միջեւ  որոշակի տարբերություն կա. Ֆիյոնը չի խոսում Արցախի անկախության կամ ՀՀ-ին վերամիավորման մասին, փոխարենը ընդգծում է, թե հարցի լուծման այլ տարբերակ չկա, քան խաղաղ եւ տեւական լուծում գտնելը։ Այստեղ արդեն հակադրվում է ռազմական ճանապարհներով հարցին լուծում բերելու Ադրբեջանի պետական արկածախնդրական քաղաքականությանը. ինչը նաեւ ուղղակի քննադատության է ենթարկում, երբ ասում է, թե Ադրբեջանը օգտվելով միջազգային անտարբերությունից փորձեց բռնի կերպով հարցը լուծել ապրիլյան պատերազմ սանձազերծելով։ Եւ այս առումով ակներեւ է հակադրությունը Ադրբեջանի պետական կեցվածքին եւ նույնացումը հայկական կողմից առաջ քաշվող հարցի լուծման խաղաղ եւ մնայուն բնույթ ունենալու տեսակետին։

Մինչ, Լը Պենի համար առաջադրելի լուծումը Արցախի վերամիավորումն է ՀՀ-ին, այն էլ Ադրբեջանի հետ համաձայնությամբ։ Լը Պենը սակայն ոչ հեռու անցյալն է հիշեցնում ընդգծելով Խորհրդային Միության փլուզումից հետո վարչական սահմանների առանց վերաիմաստավորման միջազգային ճանաչման ենթարկելը, պարզ դարձնելով, որ Արցախը նախապես Հայաստանի մաս էր եւ բնականաբար պիտի վերադառնար վերստին Հայաստանին։ Իսկ այս բաժինը ավելի է հստակեցվել Ֆիյոնի հայտարարությունում. չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, որը 1921 թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի։

Ստացվում է այն, որ Ֆիյոնը հստակ նկարագրում է պատմական անիրավությունը, իսկ հարցի լուծման բանաձեւը հստակորեն տալիս է Լը Պենը։ Իրար լրացնող հայտարարություններ են Արցախի հարցի պատմականի, ներկայի եւ լուծման հեռանկարի մասին։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ երկուսից որեւե մեկի նախագահ դառնալու դեպքում նույն բովանդակությամբ հայտարարություններ չեն հնչելու, մանավանդ որ Ֆրանսիան համանախագահող երկիր է եւ իր կեցվածքները պիտի համակարգի համանախագահող երկրների հետ։

Դիտարժան է նաեւ այս առիթով Լը Պենի հիշեցումը Ֆրանսիայի նախկին քաղաքականությանը հղում կատարելիս. Ֆրանսիան միշտ զորավիգ է կանգնել Արեւելքի քրիստոնյաներին։ Ներկա աշխարհակարգային գործընթացներում, երբ մի ամբողջ տարածաշրջան ազգաբնակչության եւ հոգեւոր կենտրոնների առումով  ապաքրիստոնեացվում է, ՀՀ-ն ընկալվում է իբրեւ Քրիստոնյա ռազմավարական նշանակություն ունեցող կղզի։ Ահա նման միջավայրի պահպանման համար հիմնավորում է նաեւ նախագահի թեկնածուն իր դիրքորոշումները։

Ներազգային մի կարեւոր դիտարկում եւս կարելի է ամփոփել այստեղ. այն, որ մինչ այժմ նախագահական թեկնածուները տեղի հայ համայնքի ուղղությամբ քվեահավաքի նախընտրական հայտարարություններում առավելաբար կենտրոնանում էին Ցեղասպանության հիմնախնդրի վրա։ Գուցե ապրիլյան պատերազմը եւ ՀՀ-ի նոր աշխարհակարգային քարտեզի վրա կարեւոր դիրքի վրա հայտնված լինելը պատճառ են, որ Արցախի հարցի լուծման համար առնվազն եւ գեթ այս հանգրվանին հնչեն լուծման արդարացի առաջադրանքներ եւ տարբերակներ։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930