Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչի՞ չի ասել, որ Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է, դուխը չի՞ հերիքում». Ալեն Սիմոնյանը՝ «Что? Где? Когда?» խաղացող սոցիոլոգին

Ապրիլ 19,2017 21:00

«Նիկոլ Փաշինյանն ունի ԱԺ-ի մանդատ, ակնհայտ է, չէ՞, որ ինքը ցուցակը տանում է, ինքը հետո գնալու է ԱԺ, ավագանի չի գնում ու քաղաքապետ առավել եւս չի դառնում»,- Aravot.am-ի «Դեմ առ դեմ» հաղորդման ժամանակ խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ ասել էր սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու եւ թողնի նրանց, որոնք փորձ չունեն. «էդ մարդիկ մենակ կարող են սաբոտաժ անել, իրենք մենեջերներ չեն»:

Հիշեցնենք, որ Կարեն Սարգսյանի մի արտահայտությունը, որ «Նիկոլ Փաշինյանը երեւանցի չի, նա ի՞նչ ունի Երեւանին տալու», բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել եւ թեժ քննարկումների տեղիք տվել:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված Երեւանի ավագանու անդամի թեկնածու Ալեն Սիմոնյանը շատ կոշտ արձագանքեց սոցիոլոգի գնահատականներին. «Ես չգիտեմ, թե ով է խնդրել, հորդորել, որ ինքը սկսի զբաղվել նման բաներով, բայց ասեմ, որ այդ տեղը շատ շուտվանից հաջող զբաղեցնում է Ահարոն Ադիբեկյանը: Թող Ահարոն Ադիբեկյանի հացին վայիս չլինի, առավել եւս՝ այնպես չի, որ այնտեղ եսիմ ինչքան հաց կա: Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը Կենտրոն համայնքից ընտրված պատգամավոր է: Եվ հետո՝ Կարեն Սարգսյանը ի՞նչ է կարծում՝ Ղարաբաղում ծնված, մեծացած Կարեն Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը կարո՞ղ են Հայաստանը ղեկավարել, ճի՞շտ են ղեկավարում եւ կապ ունե՞ն Հայաստանի հետ, թե՞ ոչ: Ինչու մինչ օրս այդ մարդկանց՝ Հայաստանում ընդհանրապես չծնված լինելու մասին չէր խոսում նա, երեւի ոչ ոք չէր խնդրել, որ խոսի դրա մասին»:

Կարեն Սարգսյանը, նաեւ ՀՀԿ-ի ավագանու անդամները, որպես Տարոն Մարգարյանի առավելություն, նշում են, որ նա կառավարման փորձ ունի: Կարեն Սարգսյանն ասում էր, որ նա թաղապետից դարձել է քաղաքապետ, ինչը շատ կարեւոր է: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Մի հատ հարցրեք, էլի, իսկ մինչեւ թաղապետ լինելը ինչի՞ չեն պատմում, թե ինչ է արել Տարոն Մարգարյանը: Մի հատ նայեք, թե նա թաղապետ ինչ պայմաններում է դարձել եւ ինչ օրն է ստացել: Եկեք մի հատ հիշենք, էլի, Տարոն Մարգարյանը ինչից հետո դարձավ քաղաքապետ: Նա դարձավ քաղաքապետ, երբ Բեգլարյան Գագիկը ապտակեց նախագահի աշխատակցին, դրանից հետո Տարոն Մարգարյանին նորից չվստահեցին քաղաքապետի պաշտոնը եւ հրավիրեցին Կարեն Կարապետյանին: Իսկ երբ Կարեն Կարապետյանը գնաց, ամենայն հավանականությամբ այլընտրանք չունենալու պատճառով Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ: Հիմա ուզում եմ հասկանալ՝ Տարոն Մարգարյանի կառավարման փորձը որտեղի՞ց է եկել, էդ ի՞նչ է կառավարել, բացի թաղապետարանից ու քաղաքապետարանից, մի ամբողջ թաղ նրան վստահել են՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Տարոն Մարգարյանը Ավանի թաղապետ է նշանակվել իր ծննդյան օրը, այդ օրն են հրաման արձակել, երբ իր հայրը՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը վարչապետ էր: Լավ էլի, թող գոնե նման բաներից չխոսեն, այնքան խոցելի են»:

Անդրադառնալով Կարեն Սարգսյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Թող Կարեն Սարգսյանին մի գործ տան: Պիտի մի գործ տան, որ էդ տղան ինչ-որ բանով զբաղվի, հո սաղ կյանքը «Что? Где? Когда?» չի խաղալու Աշոտյանի եւ մյուսների հետ: Հիմա մարդը ուզում է ինքնադրսեւորվի, հարցազրույցներ է տալիս, ուղղակի չի հասկանում, որ այդպես միանգամից «Что? Где? Когда?» խաղալուց չեն գալիս սկսում քաղաքական վերլուծություններ եւ գնահատականներ շռայլել: Դիմացը նստած են մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքական կյանքին շատ լավ ծանոթ են ու բոլորին շատ լավ ճանաչում են: Կարեն Սարգսյանը թող զբաղվի իր գործով, թող սոցիոլոգիական հարցումներ անի, պարոն Ադիբեկյանի հետ մրցի: Իսկ թե ով է երեւանցի, ով երեւանցի չի, ով է իր մտքերը հայերեն ճիշտ դասավորում, ով է ռուսերեն մտածում, թարգմանում, խոսում, ու ուզում իրեն նոր գործ գտնի, դրա մասին խոսելը, քննարկելը…սա ո՞ր թիվն է»:

Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում Կարեն Սարգսյանն իր այդ հարցազրույցում ասում էր, որ երեւանցի չլինել ասելով՝ ինքը չի վիրավորում, մինչդեռ ստացել է քաղքենիների արձագանք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես Երեւան քաղաքի ավագանու թեկնածու եմ, 4 սերնդի երեւանցի, կարող եմ ապացուցել, իմ հոր պապը Երեւանում ծնված, մեծացած անձնավորություն է, բայց ես դա համարում եմ քաղքենիություն, որ շահարկում են երեւանցի չլինելը: Ես էլ կպնդեմ, որ Տարոնը թալինցի է, Սերժ Սարգսյանն էլ՝ ղարաբաղցի: Բա Կարենը Սերժ Սարգսյանի մասին խի՞ չի իր ծանրակշիռ կարծիքն ասել, ինչի՞ չի ասել, որ Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է: Նա այնքան ՀՀ-ում չի ապրել, որ չկարողացավ ԱԺ-ի ցուցակում լինել, բա խի՞ չի Կարենը դրա մասին խոսում, դուխը չի՞ հերիքում: Իհարկե, չի հերիքում, որովհետեւ «Что? Где? Когда?» չեն թողի խաղա մյուս անգամ: Նիկոլ Փաշինյանը Երեւանից ընտրված պատգամավոր է, երեք անգամ Երեւանում առաջադրվել է, երկրորդ շրջան ԱԺ պատգամավոր է ընտրվում, իսկ ո՞վ է նա, ինչ է խոսում, ի՞նչ իրավունք ունի նման բաներ խոսի, մարդկանց տարանջատի: Իսկ ի՞նքը ի ծնե որտեղից է: Մնում էր պուճուր Հայաստանում մենք իրար բաժանենք երեւանցիների, գյումրեցիների, իջեւանցիների»:

Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ «Կարեն Սարգսյանը ՀՀԿ-ի համար ձայն հավաքող հարյուրապետների, տասնապետների, հազարապետների տրամաբանությամբ մտածող տղա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930