Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչին:
Հաջողություն մաղթելով Սերբիայի դեսպանին պատասխանատու առաքելության մեջ և ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Սերբիայի հետ համագործակցության խորացմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի երկու երկրների պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը, հատկապես կարևորել է առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ նպատակին ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:
Հայաստանում Սերբիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարեմաղթանքների համար՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների պատմական կապերը պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը: Դուշան Սպասոևիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ այն էլ ավելի սերտացնելու համար:
Վարչապետն ու ՀՀ-ում Սերբիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության աշխուժացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման, ուղիղ օդային հաղորդակցության հաստատման, գործարար կապերի ակտիվացման և տնտեսական կապերի խթանման ներուժ ունեցող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն