Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճակատագրի հեգնանքով այսօր դատապարտվողի կարգավիճակում եմ». նախկին դատավոր

Ապրիլ 19,2017 19:21

«Մարդ, որը 20 տարուց ավելի այս դատարանում, այս դահլիճում եղել է դատավորի, դատողի կարգավիճակում, ճակատագրի հեգնանքով այսօր նույն այս դահլիճում հանդես է գալիս ամբաստանյալի, ես կասեի` դատապարտվողի կարգավիճակում»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նախկին դատավոր, կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանը:

Նրա խոսքով, կաշառք վերցնելու համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է 7-12 տարվա ազատազրկում, մինչդեռ պաշտոնյայի դեպքում հատուկ իրավանորմ է գործում եւ դատարանի կողմից օրենքով նախատեսված  պատշաճ ընթացակարգի շրջանակներում իրականացված  դատաքննության դեպքում մեղմ պատիժ  է նախատեսվում ոչ թե Քրեական օրենսգրքի 311 հոդվածի չորրորդ մասով, այլ նույն հոդվածի առաջին ու երրորդ մասերով:

Հիշեցնենք, որ այսօր պարոն Բարսեղյանը միջնորդեց, որ դատարանում մեղադրանքը պաշտպանի նախաքննությունը վերահսկած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք միասին աշխատել ենք նույն տարածքում, նա` որպես Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, առանց որեւէ երեսպաշտության, խորը հարգանք ունեմ Արթուր Դավթյանի հանդեպ՝ հաշվի առնելով նրա բարձր մարդկային, բարոյական արժեքները, բայց կոնկրետ այս գործով նա պարզապես  պարտավոր էր ղեկավարվել օրենքով և սույն գործով անձամբ իրականացնել մեղադրանքի պաշտպանություն»,- հայտարարեց պարոն Բարսեղյանը:

Թեեւ մեկ այլ միջնորդությամբ, Իշխան Բարսեղյանը պահանջեց դատախազ Կարեն Բիշարյանին վարույթից հեռացնել՝ պնդելով, որ պատշաճ դատախազ չէ, դատարանը մերժեց, ինչից հետո պարոն Բիշարյանն  ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը. «2016թ.-ի հոկտեմբերի 27-ին փաստաբան Էլզա Զաքարյանը Շենգավիթի դատարանում հանդիպել է դատավոր Իշխան Բարսեղյանի հետ եւ քննարկել են քաղաքացի Նորիկ Հակոբյանի հայցը: Հակոբյանի օգտին վճիռ կայացնելու համար Բարսեղյանը պահանջել է նույն օրն իրեն փոխանցել 1000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչն էլ ժամեր անց տեղի է ունեցել»:

Իշխան Բարսեղյանն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց, փոխարենն իրեն մեղավոր ճանաչեց կաշառք միջնորդելու համար մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 28-ին:

Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ (կաշառք ստանալ): Կաշառքի միջնորդություն կատարելու համար էլ մեղադրանք է առաջադրվել փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930