«Ալիքը» ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 9-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1915 թվականի օգոստոս ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:
Ժողովրդական թերթիկ 1915/08/8 #352
Հայերի բռնի տեղահանումը
Մարդը պետք է նմանվի վայրի գազանի, որ աչք փակի այս արհավիրքի վրա: Գրիչս չի կարող նկարագրել հոգեվիճակս՝ հուլիսի 11-ին Վանում, Բայազետում տեղի ունեցած իրադարձություններին ականատես լինելուց հետո: Սակայն, կփորձեմ ներկայացնել ամբողջ իրողությունը:
Հուլիսի 11-ից ռուսական զորքը հետ քաշվեց Մուշ-Մանազկերտ-Բիթլիսից: Հայերը հետևել են զորքին` մոտ 200 հազար հայ միայն Վանի վիլայեթից: Հայերը փախչում են ընտանիքներով` իրենց հետ տանելով ձիերին ու մնացած կենդանիներին: Շատերը չեն կարողացել տանել ունեցվածքը, քայլում է ոտաբոբիկ, սոված ու ծարավ: Իգդիրից Վան ընկած ողջ ճանապարհը լի է նման մարդկանցով: Ովքեր կարողացել են՝ փրկվել են, կառքերով շարժվել դեպի Իգդիր: Տեսել ե՞ք, երբ պատահական անցորդը 6 մղոն հեռավորության վրա 2 կին տեղափոխի, 2 նորածին երեխայի հետ:
Կարդացեք նաև
Մեր շրջիկ դաշտային հիվանդանոցը լի է կույր, կաղ, նորածին երեխաներով: Երեկ չէ նախորդ օրը մի մայր էր գալիս 4 երեխաների հետ, որոնցից ամենամեծն ընդամենը 7 տարեկան էր, Վանից կամ Արճեշից 200 մղոն ճանապարհ էր անցել: Երեխաները լալիս էին, մայրը` սարսափելի տեսք ուներ, մազերը գզգզված, բերանը բաց և չոր, արցունքները հոսում էին, կաղում էր: Մոտեցավ մեր սպիտակ վրաններին, հիվանդին նստեցրեց հողի վրա, անձայն լալիս էր, այդպես առանց ձայն բարձրացնելու էլ համբուրեց երեխային և առաջ շարժվեց:
Ճանապարհներին անտեր մնացած երեխաները շատ են, որոնց միայն մի մասն է կենդանի: Միայն տողերիս հեղինակը 6-7 աղջնակի է իր հետ տարել: Մեկի հարազատը գտնվել է, մնացածը՝ մոտս են: Գրեթե բոլոր լքված երեխաներն աղջիկներ են: Բանակը հնարավորությունների սահմաններում օգնություն է ցուցաբերում․ չեք տեսնի մի զինվորի, ում կողքը երեխա նստած չլինի: Մոտավոր կարող ենք ասել` 200 հազար մարդ կա և ո՞վ կարող է այդքանին կերակրել, պահել, ապահովել ջրով, այդ պատճառով էլ, թույլերը ճանապարհին զոհվում են:
Վրաստան 1915/08/8 #64
Սոֆիա. Օգոստոսի 4
Բուլղարիայում բնակվող հայերը կոչով դիմել են բուլղարացիներին, որով բարձրաձայնում են հայերի տանջանքների մասին: Փախստականների անվերջ շարանը շարժվում է դեպի Ռուսաստանի սահման, որպեսզի փրկվի մահից ու բանտից: Օսմանցիները որոշել են հայերին ջնջել իրենց իսկ հայրենիքում: Նաև որոշել են 10 հազար հայի Ստամբուլից տեղահանել Փոքր Ասիա, ինչի հետևանքով, մեծ քանակությամբ հայեր փախչում են Բուլղարիա: Հայերը կոչ են անում Բուլղարիայի կառավարությանը` ներգրավվել այս գործընթացին, քանի որ օսմանցիները վախենում են նրանցից: Բուլղարիան, միայն բողոքելով կարող է վերջ դնել հայերի կոտորածին: Այսօր հայերը, որպես սգո նշան, Սոֆիայում փակել են խանութները:
Վրաստան 1915/08/10 #65
Էջմիածին
Այստեղ արդեն 50 հազար փախստական կա և նրանց հոսքն առայժմ շարունակվում է: Քաղաքում և ճանապարհին փախստականների վիճակն աննկարագրելի է: Մարդիկ մեղուների նման զոհվում են սովից, թուլությունից և հիվանդությունից: Հաց չկա: Բժշկական օգնություն ցուցաբերելու համար բժիշկներ չկան: Զոհվածների դիակներն անտեր գցված են: Հայ հասարակությունն անամոթաբար անգործության է մատնված: Կոչ ենք անում բոլորիդ, ում մեջ մարդասիրության գոնե կաթիլ է մնացել, գալ Էջմիածին և օգնություն ցուցաբերել մեր բազմաչարչար ժողովրդին: Անհրաժեշտ է աշխատուժ, բժիշկներ, ֆելդշերներ, բուժքույրեր, սանիտարներ, գյուղատնտեսներ, ովքեր ծանոթ են Կովկասի կլիմայական և արտադրական պայմաններին և օսմանյան հայերին: Անհրաժեշտ է յուրաքանչյուր մտավորականի աշխատուժը, որպեսզի փրկենք փախստականներին այս ծանր կացությունից: Եկեք տասնյակ, հարյուրավոր մարդկանցով, մի սպասեք հրավերի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում