Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի «Հանգրվան 60» երկհատորյակի շնորհանդեսը: Գրքի առաջաբանի հեղինակը Ավիկ Իսահակյանն է, որը շնորհավորեց հեղինակին 60- ամյակի առթիվ և կարևորեց հայրենիքից հեռու հայկական ոգով ստեղծագործելու կարևորությունը. «Նա իր բանաստեղծություններով վառել է հայրենիքի փարոսը»:
Երկհատորյակում ընդգրկվել են բանաստեղծի վերջին տարիների լավագույն ստեղծագործությունները, որոնք հիմնականում գրված են հայրենիքի, սիրո, կարոտի թեմաներով: Բանաստեղծություններից բացի երկրորդ հատորյակում ներառած են նաև քառյակներ և աֆորիզմներ.
«Իրականում շատ համարձակ քայլ է քառյակ գրելը, քանի որ մեզնից առաջ Թումանյանն արդեն այդ ժանրը հասցրել է իր արտահայտման գագաթնակետին, բայց Ավիկի քառյակները ստացված են և արժանի բարձր գնահատականի», – իր ելույթում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, որը Դերենցի հատորյակից մի քանի բանաստեղծություններ ասմունքեց:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հեղինակին գրական ոլորտում իր բեղմնավոր գործունեության համար պարգևատրեց գրողների միության գրական վաստակի համար մեդալով:
Ելույթներով հանդես եկան նաև անվանի մտավորականներ: Իսկ վերջում կատարեցին «Դեպի երկիր» երգը, որի բառերի հեղինակը Ավիկ Դերենցն է, իսկ երաժշտությանը՝ Սասուն Պասկևիչյանը:
Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ