Aravot.am-ը «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ձեզ գոհացնո՞ւմ է Երեւանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը եւ որպես երեւանցի՝ ի՞նչն է ձեզ անհարմարություն պատճառում, ինչի՞ց եք դժգոհ:
Նա պատասխանեց. «Ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետարանն աշխատում է, բայց դա բավարար է, թե չէ՝ դա հարցի երկրորդ կողմն է: Իշխանությունն էլ է ինչ-որ բաներ անում, բայց դա բավարա՞ր է: Ես բավարարված չեմ մեր իշխանությունների արած աշխատանքից մեր երկրի համար՝ դա լինի Երեւան քաղաքը, Գյումրին, թե մեր երկրին վերաբերող այլ բան: Ես, արդարացիորեն, խիստ դժգոհ եմ»:
Թե ինչո՞ւ է պարոն Պետրոսյանը դժգոհ՝ նա այսպես բացատրեց. «Ոնց որ թե չսիրեն այս երկիրը: Այն ,կարծես, զուտ բիզնես միջավայր է, որտեղ իրենք «ինքնադրսեւորվում են»:
Մեր հարցին՝ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ շատ սիրում է Երեւանը, դուք այդ սերը, փաստորեն, չե՞ք զգում, որպես երեւանցի, նա պատասխանեց. «Երեւանը հնարավոր չի չսիրել: Չեմ կարող ասել՝ ինչքան է ինքը սիրում: Ակնհայտ է, որ գործ արվում է՝ դրանում ոչ մի խոսք եւ ավելի լավ է արվում, քան երեկ էր արվում: Այլ հարց է՝ դա բավարա՞ր է, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Տրանսպորտի վիճակը անմխիթար է: Բոլոր խցանումների պատճառը քաղաքային տրանսպորտի անկանոն երթևեկությունն է՝ ոնց ուզում կանգնում են, երբեմն, նույնիսկ, երեք շարքով: Ես մի քանի անգամ երթևեկել եմ տրոլեյբուսով եւ ավտոբուսով՝ նույն օրը, մեկ-երկու կանգառ գնացել եմ եւ ասեմ, թե ինչ եմ տեսել՝ այն միջանցքը, որտեղ մարդիկ քայլում են, դա մաքուր է, բայց նստարանների հետեւները, ապակու տակերը, դռների վերեւները երեւում է, որ ամիսներով մի հատ թաց շոր չի կպել: Հիմա դա ո՞նց գնահատենք՝ լա՞վ աշխատանք, թե՞ վատ: Սա ուղղակի արհամարհանք է քաղաքացու նկատմամբ: Պարզ է, որ Տարոն Մարգարյանը կարող է դա չտեսնի, բայց նրա ինչ-որ աշխատողներ են թերացել, չէ՞: Կան երթուղիների հաղթողներ, չէ՞, ստուգող պատասխանատուներ:
Կարելի է կիլոմետրով քայլել եւ աղբաման չգտնել փողոցում՝ այս մեր սեմչկա չրթող ժողովրդի պարագայում, դա թերացո՞ւմ է, թե՞ չէ: Կարելի է, չէ,՞ դնել:
Կինո Մոսկվայի մոտի գեղեցիկ ժամացույցը ամիսներով չի աշխատում: Հարց՝ ինչի՞ է այդ երեք մետրանոց ժամացույցը այնտեղ դրված: Ես հասկանում եմ, որ այնպես չի, որ Փարիզը փայլուն է, այնտեղ էլ կան լուրջ թերություններ: Բայց սա իմ քաղաքն է, եւ ես մեր քաղաքացիների համար ավելին եմ պահանջում»:
Մեր հարցին՝ ֆավորիտ ունե՞ք այս ընտրություններում՝ նա պատասխանեց. «Մեզ մոտ ընտրություններն ընդամենը վարագույր են՝ նրանց հետեւում նշանակումներ կատարելու համար: Իսկ ընտրությունից դուրս՝ իմ համակրանքը միշտ ընդդիմության կողմն է լինում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ