ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն փաստին, որ սփյուռքահայ մի կին՝ տիկին Քարոլին, Արցախում բրինձ է աճեցրել եւ փորձել վաճառել երեւանյան սուպերմարկետներում: Եվ մասնավորապես Քարֆուրում խնդիրներ են ծագել. «Իր ասելով, սննդի անվտանգության տեսչությունից են եկել բրնձի հարցով: Պարզեցի, որ իրոք, սննդի անվտանգության տեսչությունից հիմա մտել են «Քարֆուր»: Իսկ «Քարֆուրն» ընդամենը աջակցել էր մեր հայրենակցուհուն` մի քանի կիլոգրամ ապրանքը ցուցադրելով վաճառքի …
Ասաց, որ ժամանակին դիմել էր սերտիֆիկացման համար, բայց ասել էին, որ պետք չի, քանի որ շատ քիչ է արտադրել ու ներքին սպառման համար է: Իսկ հիմա սերտիֆիկատ են պահանջում:
Ի դեպ, աճեցվել էր ընդամենը 28,5 կգ բրինձ: Եվ խորհրդանշական` փաթեթավորել են վաճառքի համար` որպես ոգևորող գործ:
Ասաց, որ իր ձեռքերը տեսնենք` կպատկերացնենք, թե ինչ աշխատատար ու դժվար գործ է բրինձ աճեցնելը:
Կարդացեք նաև
Նեղված էր, ասում է ուզում եմ լավ բան անել, բայց ընկնում եմ բյուրոկրատական քաշքշուկի մեջ:
Վրդովված էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտարարությունից, որոնք տեղյակ չլինելով իր մի փոքրիկ հողակտորի վրա աճեցրածից` սխալ հայտարարություն էին արել: Ասում է, որ այս քաշքշուկներից ելնելով` սկսում է հիասթափվել այստեղ գործ անելուց: Փոքրիկ հողակտոր է, կարծում եմ կարող էին Արցախի գյուղնախարարությունում չիմանալ այդ մասին:
Կարծում եմ, որ իրական ու նորարար ձեռներեցությամբ զբաղվող մեր հայրենակցուհուն չպետք է հիասթափեցնենք իր բարի գործունեությունից, իսկ Քարֆուրին` մեր հայրենակիցներին աջակցելուց …
Հուսով եմ, որ պատկան մարմինները չեն հիասթափեցնի, այլ հակառակը` կխթանեն հայրենական ապրանքի արտադրողին ու վաճառողին»:
Այս փաստին արձագանքել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ պարզաբանելով. «Արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված և «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»:
Արդյունքում պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քարոլին Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել և հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» և Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ:
Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորապես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով:
Նշենք, որ ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում»: