Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննվել են նրա ծառայակից ընկերները, որոնք նշել են, թե Դմիտրին մեծ սեր է ունեցել խմիչքի նկատմամբ։
Նա կրտսեր սերժանտ է, ամուսնացած չէ, բնակվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող հանրակացարանում՝ «կազարմայում», մի քանի այլ ծառայակիցների հարևանությամբ։ Ոստիկանության որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրան վերջին անգամ տեսել են մոտակա խանութներից մեկից դուրս գալու ժամանակ, որտեղից նա խմիչք էր գնել։
Հիշեցնենք, որ ռուս սերժանտն անհետացել էր ապրիլի 16-ին, ժամը 9․30-ի սահմաններում, սակայն ռազմաբազայի ղեկավարությունը Գյումրու ոստիկանության «Մուշ բաժին» հայտարարություն էր ներկայացրել երեկ։
Ըստ ռազմաբազայի ղեկավարության՝ Գյումրու ոստիկանությանը ներկայացրած հայտարարության, նա զինված չի եղել, սակայն Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում գործած սպանդից հետո այս քաղաքի բնակիչները չեն հավատում նման հայտարարություններին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ