Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կատարվող կարևոր բարեփոխումներին զուգահեռ փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների հզորացումը դասվում է առաջնահերթ խնդիրների շարքին։ Կարևորելով նրանց դերը՝ Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ապրիլի 19-ին տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպում է աշխատաժողով՝ խնդրին առնչվող նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԳԱՄԿ-երի, ֆերմերների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
1990-ական թվականներին Հայաստանում տեղի ունեցած հողի սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել են 340,000 փոքր գյուղացիական տնտեսություններ՝ միջինում 1,4 հա հողատեսքով։ Մշակաբույսերի արտադրությունն իրականացվում է մասնատված հողակտորների վրա, ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ ինչպես մշակության, այնպես էլ ինքնարժեքի գոյացման հարցերում։ «Աջակցություն տարածաշրջանային նախաձեռնության իրականացմանը՝ ուղղված փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է հավաքագրել բավարար գիտական հիմք նրանց կարիքների, խոչընդոտների և մարտահրավերների վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է տարածաշրջանի 7 երկրներում։
«Այս աշխատաժողովը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել քննարկմանը և ներկայացնել իրենց տեսակետը այն հարցի վերաբերյալ թե ինչպես պետք է զարգանան փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։ Աշխատաժողովի ընթացքում կուսումնասիրվեն այն քաղաքականությունները, որոնք պետք է հետագայում մշակվեն։»,- նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։
Աշխատաժողովի հիմնական նպատակն է բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը և նրանց հետ քննարկել փոքր ֆերմերային եւ ընտանեկան գյուղացիական տնտեսությունների զարգացման խոչընդոտները և մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերաբերող և ներկայումս գործող քաղաքականությունը:
Լուսինե Ղուկասյան
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Հանրային կապերի մասնագետ