Երկաթուղային Այրում կայարան տարածքում, երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ, դեպի հանդիպակաց բլրին գտնվող դարավանդի այգիները, կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում:
Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել: Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարր փոխվել է, տեղադրվել են պլաստմասսայից խողովակներ:
Կայարանի պետը հայտնեց, որ այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան:
Սամվել Օհանյանն ասաց, որ Այրում կայարանում տիրող գարշահոտը անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Խնդրի մասին տեղյակ են ջրմուղ-կոյուղու Նոյեմբերյանի ենթատեղամասում, երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում:
Կարդացեք նաև
Ս. Օհանյանն ասաց, որ ամեն տարի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը գործում է Երեւան-Բաթումի մարդատար գնացքը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Եթե կոյուղու խնդիրը չլուծվի, ամռանը Հայաստանի հյուսիսային, երկաթուղային դարպասում գարշահոտ է տիրելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ