Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք ունի՞ դատապարտվածի մայրը նամակ գրել ՀՀ նախագահին». Փառանձեմ Մեյթիխանյան

Ապրիլ 19,2017 14:10

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով փաստաբան Իննեսա Պետրոսյանն ահազանգում է, որ պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որ գործի դատաքննությունը հետաձգվի:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը մանրամասնեց. «Պաշտպանական կողմը սկսել է այնպիսի մթնոլորտ ստեղծել՝ նույնիսկ անցնելով սադրիչ գործողությունների, որ ամեն կերպ փորձեն տպավորություն ստեղծել, որ ամբաստանյալներից որոշներն ունեն անմեղության խնդիրներ: 4-5 ամիս է անցել, բայց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը դատախազի կողմից չի հրապարակվել դատարանում, քանի որ պաշտպանական կողմն ամեն կերպ նույնաբովանդակ միջնորդություններ ներկայացնելով՝ փորձում է խոչընդոտել դատաքննության մեկնարկին»:

Տիկին Պետրոսյանը հայտարարեց նաև, թե ճնշումներ կան վկաների նկատմամբ ու պարզաբանեց. «Գործով առանցքային վկաներից մեկը դիմում է ներկայացնել, թե ուզում է լրացուցիչ ցուցմունք տալ, թե որոշակի հանգամանքներ կան, որ ճիշտ չի նշել: Արձանագրությանը ծանոթացանք, որտեղ նշում է այն անձանց, որոնք խնդրել են, որ գնա այդ քայլին: Կամ պաշտպանված վկան իբր թե տեսախցիկի առաջ խոստովանություն է տալիս, թե ինչ պայմաններում է ցուցմունք տվել: Ակնհայտ է, որ ամբաստանյալ անձանց հարազատները ոչինչ չեն խնայել՝ ահաբեկելով ու ամեն միջոց գործադրելով, որ կարողանան բացահայտել վկային, և վերջինս էլ վախի ազդեցության տակ ցուցմունք տար»:

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը վստահեցրեց, թե պաշտպանական կողմը հիմնվում է ստի վրա. «Պաշտպանական կողմի հարազատները բարձրաձայնում են, թե իրենց երեխաներն անմեղ են և հայտնվել են այնտեղ սխալ նախաքննության, փաստերի խեղաթյուրման արդյունքում: Եթե գտնում են, որ իրենց ապացույցները հիմնավոր են, իրենք պիտի առաջին հերթին շահագրգիռ լինեն, որ դատաքննությունը շուտ սկսվի, բայց ընդհակառակը, անընդհատ խոչընդոտում են: Տարբեր ԶԼՄ-ներով հրապարակում են փաստեր, որոնք առնվազն զավեշտի են վերածվում»:

Այս առիթով տիկին Մեյթիխանյանը մի քանի դրվագներ ներկայացրեց. «Հակոբ Քոսյանը կոկորդ պատռելով հայտարարում է, որ իր տղան՝ Խաչիկ Քոսյանը, ընդամենը դեպքից 25 րոպե հետո ներկայացել է ոստիկանություն, ու հարցնում՝ ինչո՞ւ նրան չեն ստուգել խմածության աստիճանը որոշելու համար: Մինչդեռ Խաչիկ Քոսյանը որպես վկա ցուցմունք է տվել ու ասել, թե դեպքից ժամեր անց է գնացել ոստիկանություն և գնացել է որպես վկա, ոչ թե իբրև կասկածյալ: Ուստի հետևությունս այն է, որ պաշտպանական կողմի բոլոր թեզերը հիմնված են ստի վրա և դրանք հստակ ապացուցվում են փաստերով»:

Լեզվաբանը նաև անհիմն է համարում այն հայտարարությունները, թե դատավորը կողմնակալ է. «Հարցնում են՝ ինչո՞ւ Մեյթիխանյանի՝ ՀՀ նախագահին ուղղված նամակը կա գործի նյութերում, իսկ պաշտպանական կողմինը՝ ոչ: Ոչ միայն մեր, այլև ինչ փաստաթուղթ ներկայացրել են նրանք, բոլորը գործում ներկայացված է: Անգամ Յուրի Հակոբյանի մոր նամակն է ներառված: Սա վկայում է այն մասին, որ բացարձակ ստով են առաջնորդվում: Անցյալ դատական նիստին Յուրի Հակոբյանի մոր՝ Նարինե Հակոբյանի երեսին ասացի, որ դուք ստախոս եք: Ես նամակ եմ հղել ՀՀ նախագահին, նաև նա է հղել ՀՀ նախագահին նամակ: Նարինե Հակոբյանի նամակում կա իմ պարբերություն, որտեղ ասում է, թե իմ տղան պատվով ծառայել է բանակում և հիմա անմեղ դատապարտվում է: Մինչդեռ գործի վարույթում նախաքննության նյութերում կցված է մի ապացույց, որ Յուրի Հակոբյանը բանակում ծառայելիս զինվորի ոչ վայել պահվածք է ունեցել, ծեծել, ստորացրել է ծառայակիցներին և երկու տարի դատվել է: Իրավունք ունի՞ այդ մայրը նախագահին նամակ գրել և ասել՝ իմ տղան պատվով ծառայել է»:

Տիկին Մեյթիխանյանը նաև նշեց, թե պաշտպանական կողմը բոլոր միջոցներով փորձում է իրեն վարկաբեկել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930