Լրահոս
Օրվա լրահոսը

«Զառան միշտ, ԱԺ-ում էլ մեր կողքին է եղել». Կարինե Դանիելյան

Ապրիլ 19,2017 13:55

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ուրախ է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են նաև «Ելքն» ու «Երկիր Ծիրանին»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Դանիելյանը կարևորեց այն, որ ընտրությունների արդյունքում չունենանք միաբևեռ ավագանի, ինչպես ունեցանք ԱԺ-ի դեպքում: Այնուհետև տիկին Դանիելյանն անկեղծացավ, թե իր համար ավելի դժվար է եղել մեկ տարի փոխքաղաքապետ աշխատելը, քան երեք տարի նախարար:

Կարինե Դանիելյանը նշեց, որ սխալ կլինի ասել, թե ոչինչ չի արվել: Ըստ նրա՝ Տարոն Մարգարյանը բավականին աշխատանք է տարել. «Տարոն Մարգարյանը շատ կուզենար, որ բոլոր խնդիրները լուծվեին, բայց համակարգը թույլ չի տալիս»:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ հիմնական խնդիրը, որ խանգարում է քաղաքի կայուն զարգացմանը, ընդհանուր երկրի համակարգն է, որ ոչ թե առաջնային է օրենքների կատարումը, հանրային շահը, այլ մի խումբ անձանց արագ հաստացնելու խնդիրը. «Մեր քաղաքաշինությունը լուծել է մի խումբ մարդկանց հարստացման խնդիրը՝ էկոլոգիական ռիսկերը բարձրացնելով: Ուշադրություն դարձրեք. կենտրոնական փողոցներում գազոնը շարունակվում է մինչև բանկի, ռեստորանի կամ օֆիսների շենքերը, հետո գազոնն ընդհատվում է: Նոր ավագանու առաջ նորից այդ հարցն ենք բարձրացնելու, որ հենց այդ կառույցների տերերի գումարով վերականգնեն գազոնները: Շենքերը, որ իրար վրա շարեցինք, փողոցներն ի վիճակի չեն այլևս այդքան մեքենա ընդունել, ուրեմն Գեռառը փակեցին՝ սելավի և այլ ռիսկեր բարձրացնելով: Դրա համար էլ ամեն օր լսում ենք, որ այս կամ այն գյուղում սելավ է եղել: Քաղաքն անպաշտպան է այդ ռիսկերի առաջ, բախտներս բերեց, որ այս գարնանը բնակլիմայական պայմանների շնորհիվ սելավ չեղավ»:

Կարինե Դանիելյանը փաստեց, որ միայն ըստ պաշտոնական տվյալների է Երևանի օդը մաքուր, մինչդեռ իր ձեռքի տակ կան մի շարք ատենախոսություններ, որոնցում ներկայացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչքան աղտոտված է Երևանի օդային ավազանը ծանր մետաղներով:

Տիկին Դանիելյանը մտահոգություն հայտնեց, թե աշխարհում չկա մի քաղաք, որի շուրջ այսքան շատ հանքավայրեր լինեն, որքան Երևանի շուրջ:

Նա հեգնեց, թե Հյուսիսային պողոտան լավ օրինակ է, որ աշխարհի երիտասարդ ճարտարապետներին հրավիրենք, որ սովորեն, թե ինչպես չի կարելի կառուցել բիզնես կենտրոն նման սեյսմիկ վտանգի և բնակլիմայական պայմաններում:

Հարցին՝ հույս ունի՞, որ այս ավագանին իրենց առաջարկները կընդունի, տիկին Դանիելյանը պատասխանեց. «Օրինակ՝ առաջարկել էի, որ Երևանը ներառվի համաշխարհային «Սմարթ սիթի» ցանցում և ավագանիում այդ հարցը քննարկվեց ու ներառեցինք: Բոլոր դեպքերում Զառան միշտ, ԱԺ-ում էլ մեր կողքին է եղել, հարցեր բարձրացրել, կռվել, «Ելքը»՝ նույնպես»:

«Տապան» էկո ակումբի տնօրեն Հրանտ Սարգսյանը նշեց, թե իր փորձից ելնելով՝ կարծում է, որ Երևանի կառավարումը պետք է վերադարձվի երևանցիներին, ինչը 1995-ից հետո ետ վերցվեց. «Քաղաքի կառավարումն իրականացնում էր մեծամասնական ընտրությունների արդյունքում իրականում ընտրված խորհրդարանը, և միայն գործատու մարմինն իրականացնում էր այն կառավարումը, ինչը հանձնարարում էր Երևանի քաղաքային խորհուրդը: «Գոյապայքար» ՀԿ-ից ժամանակին ընտրվել եմ ավագանի, և մենք ինը հոգով կարողանում էինք մեծամասամբ չեղյալ հայտարարել 51 մանդատ ունեցող ՀՀՇ-ի առաջակներն ու որոշումները»:

Պարոն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե փորձել է բիզնես իրականացնել կրթական և էկոլոգիական ոլորտներում նախկին քաղաքապետարանների ժամանակ, բայց ոչինչ չի ստացվել: Հրանտ Սարգսյանը վստահ է, որ եթե դու կամ քո կազմակերպությունը ստորադասված չեն որևէ չինովնիկի, ուրեմն ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ գործունեություն ես ուզում ծավալել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930