Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2016 թվականին

Ապրիլ 19,2017 12:29

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թվականին զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները ամփոփող տեղեկանք, որում համեմատականներ են անցկացվել նախորդ տարիներին իրականացված համանման ուսումնասիրության հետ:

2016 թ. թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մասին հավաքագրվել և դիտարկվել է 1505 հրապարակում, որոնցից 248-ը պետական մարմինների պաշտոնական ինտերնետային էջերով, 1257-ը՝ զանգվածային լրատվության միջոցներով։ Հրապարակումների գերակշիռ մասը վերաբերել է թմրամիջոցների և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անհատների, մարդկանց խմբերի հայտնաբերմանը և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերին։ Միևնույն ժամանակ եզակի են թմրամիջոց գործածող անձանց՝ առողջապահական, սոցիալական, իրավական խնդիրների վերաբերյալ հրապարակումները։

Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հրապարակումներում առկա են թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ բացասական կարծրատիպերի և խարանի ամրապնդմանը նպաստող տեղեկություններ, ձևակերպումներ, ինչը լուրջ մարտահրավեր է այս անձանց իրավունքների նկատմամբ։ Թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությանն ու ապահովմանը խոչընդոտող, այդ թվում՝ թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ խտրականության դրսևորման պատճառ հանդիսացող կարծրատիպերի ու խարանի դեմ աշխատանքները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված ծավալուն աշխատանքների համեմատությամբ նկատելի չեն։ Առկա են նաև հրապարակումներ, որոնք խրախուսում են ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների գործածումը։ 2016 թ. հավաքագրված հրապարակումներում առկա են անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դեպքեր (16 տոկոսում). հրապարակված անձնական տվյալների միջոցով հնարավոր է նույնականացնել մարդկանց։

Բացահայտված խնդիրների լուծման նպատակով ՀՀ պետական մարմիններին կրկին առաջարկում ենք՝

-զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որոնցով հնարավոր է նույնականացնել անձին,

-թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ հրապարակումներում ցուցաբերել զգուշություն՝ հաշվի առնելով վերջիններիս իրավական խոցելիությունը,

-թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նյութերում տեղեկատվություն տրամադրել ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների գործածման բացասական հետևանքների վերաբերյալ,

-իրազեկել թմրամիջոց գործածող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող գործողությունների մասին:

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք՝

-զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որոնցով հնարավոր է նույնականացնել նրանց (երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը՝ անկախ նրանից, թե ումից է լրատվամիջոցը ձեռք բերել տեղեկատվությունը),

-թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ հրապարակումներում ցուցաբերել զգուշություն՝ հաշվի առնելով վերջիններիս իրավական խոցելիությունը,

-նպաստել թմրամիջոց գործածող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,

-նպաստել ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների գործածման կանխարգելմանը՝ թմրամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ իրականացնելով լայն իրազեկում, զերծ մնալով թմրամիջոցի գործածումը խրախուսող հրապարակումներից:

Տեղեկանքն՝ ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930