Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ապրիլի 18-ին ավարտվել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը:
Նա մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ: Այդ հարվածները հանգեցրել էին Բերդի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս աղջկա մահվան:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը» )մեղադրվող 25-ամյա Արսեն Խոջոյանի շահերը պաշտպանում էր հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը:
Ա. Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում:
Կարդացեք նաև
Արսեն Խոջոյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն ապրիլի 18-ին պաշտպանական ճառում իր կատարած հանցանքի համար ներողություն է խնդրել Աստղիկ Հանիսյանի ծնողներից:
Քրեական գործով մեղադրողը առաջարկել է Ա. Խոջոյանին դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման: Դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռով Արսեն Խոջոյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ