Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է բորբոքվում «Երկիր Ծիրանի»-ի նախագահը. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 19,2017 12:03

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող երեք ուժերից «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, կարելի է ասել, հետաքրքիր վայր էր ընտրել երեկվա իր ասուլիսի համար. «Էրեբունի» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքը, իսկ ավելի կոնկրետ՝ Էրեբունի ամրոցի պարսպի մի հատվածը:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է իր մասնակցությունը ցուցաբերել Երեւանի ավագանու ընտրություններին, որը քաղաքական գործընթաց է: Մենք այսօր ընտրեցինք Էրեբունի բերդի տարածքը, որը նաեւ թանգարան է եւ որտեղ պահպանվում է Երեւանի անձնագիրը, որի ներքո էլ մենք սկսում ենք մեր քաղաքական մեկնարկը»,- մասնավորապես հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Նա նաեւ ընթերցեց Էրեբունի ամրոցի հիմնադրման վերաբերյալ Արգիշտի արքայի թողած արձանագրության տեքստը, ապա հայտարարեց, թե այդտեղից մեկնարկելով, պատրաստվում են հասնել մինչեւ Արգիշտի 1 հասցե, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է Երեւանի քաղաքապետարանը: Իսկ արդեն այնտեղ հայտնվելով՝ պատրաստվում են «սկսել բարեփոխումներ եւ հիմնահատակ փոփոխություններ»:
Շատ հետաքրքիր է հնչում հատկապես «հիմնահատակ փոփոխություններ» բառակապակցությունը: Ինչ-ինչ, բայց քաղաքական դաշտում հայտնված տվյալ գործիչը «հիմնահատակ» դրսեւորումների ունակ է: Այնուհանդերձ, արդեն իր ձեւավորած կուսակցության առաջնորդի կերպարով ներկայացող նախկին «ժառանգական» Զարուհի Փոստանջյանին, զուտ լեզվական տեսանկյունից, ակնհայտորեն չէր խանգարի փոքր-ինչ հղկել իր բանավոր խոսքը:

Չնայած քաղաքական առումով էլ առանձին արտահայտություններ անսովոր են հնչում: Զորօրինակ, Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարեց. «Մեր թիրախը լինելու է ՀՀԿ-ն եւ Տարոն Մարգարյանը: Մենք գալիս ենք հենց իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից»:

Այն, որ մշտապես առավել անհաշտ ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող Զարուհի Փոստանջյանի թիրախը կառավարող ուժն է լինելու, ո՛չ անսովոր է, ո՛չ էլ մի առանձնակի նորություն: Այստեղ հետաքրքիր է «քաղաքական ասպարեզից հեռացնելու» մասին նրա արտահայտությունը կամ դատողությունը:
Եթե անգամ կատարվի անհավանական մի բան եւ, ասենք, բառացիորեն երեկ չէ առաջին օրը հիմնադրված ու արագորեն գրանցված «Երկիր ծիրանին» ավագանու ընտրություններում բոլորից շատ ձայն ստանա (ասում ենք՝ եթե անգամ), հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս է «քաղաքական ասպարեզից հեռացնելու» մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժին:

Ավելին: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը նաեւ իր հույզերին տիրապետելու խնդիր ունի, ինչը երեւաց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում, ապրիլի 17-ի հաղորդման ընթացքում: Հաղորդման հեղինակի՝ «Ելք» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի, ավագանու ընտրություններում միասին հանդես գալու նրանց առաջարկը մերժելու վերաբերյալ հարցերը Զարուհի Փոստանջյանին ակնհայտորեն դուր չէին գալիս:

Ճիշտ է, նա սկզբում պատասխանում էր այդ հարցերին, բայց երբ փոքր-ինչ այլ ձեւակերպումներով նույն խնդրի վերաբերյալ հարցերը կրկնվեցին, Զարուհի Փոստանջյանը ելավ տեղից, փորձեց պոկել հագուստին ամրացված խոսափողը եւ, որքան կարելի էր հասկանալ նրա հախուռն խոսքից, խնդրել էր, որ «Փաշինյանից հարց չեք տալիս», «չէ, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ», «…Փաշինյանից, «Ելքից» հարց չտաս, վաբշե»:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930