Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյան. Երեւանի ավագանին քաղաքական հարցեր լուծելու տեղ չէ եւ երբեք չի եղել այդպիսին. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 19,2017 11:43

Երեւանի գործող ավագանու անդամ, ՀՀԿ ավագանու թեկնածուների ցուցակի 9-րդ հորիզոնականում ընդգրկված ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ հայրենի քաղաքական ուժերից միայն երեքն են մասնակցում այս ընտրություններին։

-Կարծում եմ, նախորդ անգամ էլ՝ 2013 թվականին, քաղաքական ուժերը մեծ ոգեւորությամբ չէին մասնակցում ընտրություններին, որովհետեւ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Երեւանում, քաղաքային իշխանությունները լուծում են ավելի շատ համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրներ, անկախ նրանից, թե որ կուսակցության կողմից են առաջադրված։

-Մինչդեռ ձեր մրցակիցներն այս ընտրությունները դիտարկում են որպես քաղաքական ցատկահարթակ՝ իրենց քաղաքական կշիռը եւ հեղինակությունն ավելացնելու, քաղաքական դաշտում իրենց տեղն ամրապնդելու միջոց։

-Էլի եմ ասում՝ Երեւանի ավագանին քաղաքական հարցեր լուծելու տեղ չէ եւ երբեք չի եղել այդպիսին։ Այս ընթացքում մենք աշխատել ենք ավագանու կազմում խմբակցություններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ, չենք ունեցել քաղաքական առճակատումներ, միշտ փորձել ենք համագործակցել, եւ բավական արդյունավետ, որովհետեւ բոլորիս նպատակը մեկն էր. ունենալ ավելի բարեկարգ, ավելի լավ Երեւան։

-Կարծիք կա, թե ավագանու նիստերի ժամանակ սկզբունքային, լուրջ քննարկումներ, բանավեճեր չեն լինում, ընդդիմադիր խմբակցությունները որեւէ հնարավորություն չունեն ազդելու ընդունվող որոշումների վրա։ Համաձա՞յն եք այդ տեսակետին։

-Համաձայն չեմ, թե ավագանում փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժերը չեն կարողացել ազդել ընդունվող որոշումների վրա՝ կարողացել են, բայց ոչ թե քաղաքական որոշումների, այլ Երեւանի կառավարմանը վերաբերող որոշումների վրա։ Համենայն դեպս, այն հանձնաժողովում, որը ես եմ ղեկավարել (դա քաղաքաշինության հանձնաժողովն է), մենք միշտ լսել ենք բոլոր կարծիքները, եւ ես չեմ հիշում, որ որեւէ որոշում կոնսենսուսով ընդունված չլիներ՝ բոլոր որոշումներն ընդունվել են կոնսենսուսով։

Այսքան տարի լինելով ավագանու կազմում՝ չեմ տեսել առճակատման միտումներ, եւ դա է եղել նաեւ այս ոլորտում մեր արձանագրած հաջողությունների գրավականներից մեկը։ Իսկ քաղաքական բանավեճի տեղը Ազգային ժողովն է։

-Այն, որ ավագանու անդամները չեն վարձատրվում՝ հասարակական կարգով են աշխատում, ունեն պարտավորություններ, բայց «կաշվից դուրս գալու» մոտիվացիա չունեն, չի՞ նվազեցնում ձեր աշխատանքի արդյունավետությունը, բացասաբար չի՞ ազդում ընդունվող որոշումների որակի վրա։

-Քաղաքապետարանում վճարվող աշխատանք էլ կա՝ դա գործադիր հատվածն է, որտեղ մարդիկ աշխատում են եւ վարձատրվում դրա համար։ Իսկ ավագանին լուծում է այն սկզբունքային հարցերը, որոնք ճիշտ է համարում Երեւանի կառավարումն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։

Դա նախ եւ առաջ քաղաքի բյուջեն է, քաղաքի բնականոն զարգացման համար կարեւորագույն խնդիրներն են, որ ժողովրդի քվեն ստացած անձինք պետք է կարողանան ներկայացնել մայրաքաղաքի խորհրդարանում եւ առաջարկել համապատասխան լուծումներ։

Պետք է ասեմ, որ վերջին շրջանում Երեւանում մի շարք կարեւորագույն խնդիրներ են լուծվել, որտեղ տասնամյակների ընթացքում դժվարություններ են ունեցել։ Մասնավորապես լուծվել է մայրուղիների հարցը՝ օրինակ, Երեւանի Հարավային դարպասները` վերակառուցված եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհը, որ թույլ է տալիս շրջանցել Նորագավիթը՝ սկսած Լենինգրադյան պողոտայից. այդ մայրուղին իր կարեւորությամբ չի զիջում երբեւիցե բոլոր ժամանակներում Երեւանի համար լուծված որեւէ կարեւորագույն հարցի։

Իր նշանակությամբ սա կարող է համեմատվել, ասենք, 8-10 տարի առաջ կառուցված Սարալանջի ճանապարհի հետ, որը նույնպես շատ կարեւոր է Երեւանի համար եւ ըստ էության՝ դրա շարունակությունն է։

Այս ընթացքում լուծված կարեւորագույն խնդիրներից մեկը համարում եմ Նորքի առաջին զանգվածում Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու կառուցապատումը, որ էականորեն ավելացրեց այդ շրջանի կանաչ տարածքները։ Քաղաքաշինական, տրանսպորտային խնդիրներից բացի, կանաչ զանգվածների ավելացումը միշտ արդիական է եղել Երեւանի համար, հատկապես 90-ականների զանգվածային ծառահատումերից հետո դա, կարելի է ասել, եղել է մեր թիվ 1 խնդիրը։

Ընդհանրապես լուծվել են մի շարք կարեւորագույն խնդիրներ, որոնք իրոք մեծ նշանակություն են ունեցել քաղաքի բնականոն զարգացման համար, միաժամանակ՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է լուծվեն։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930