Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստեր եւ առասպելներ

Ապրիլ 19,2017 10:26

Կան փաստեր, եւ կան առասպելներ: Առաջինները վերցված են կյանքից, երկրորդները՝ շատ տեղերից, մասնավորապես՝ ֆեյսբուքյան եւ կայքային անիմաստ քննարկումներից: Բերեմ առասպելաբանության մի քանի օրինակ:

Եթե Բիշքեկում Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կայքերի վերնագրերը կլինեին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ` «Եվս մի շառաչուն ապտակ Հայաստանին` իր «դաշնակիցների» կողմից»: Բայց քանի որ Խաչատուրովը զբաղեցրեց այդ պաշտոնը, վերնագրերն այլ էին՝ «Գտնվեց Հայաստանին նվաստացնելու եւս մի ձեւ»: Եթե ցանկություն կա ինչ-որ մի վատ բան ասելու, ընդ որում՝ ասելու առանց լուրջ մտավոր ճիգերի, առիթը միշտ էլ կգտնվի:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է զեկույցով ներկայացնել անցած տարվա հուլիսին ոստիկանության գործած տարբեր տեսակի ապօրինություններ` առանց հիմքի բերման ենթարկելը, քաղաքացիներին ներքին զորքերի գնդում պահելը, լրագրողների վրա թիրախային հարձակումները, հատուկ միջոցների ոչ պատշաճ կիրառումը եւ այլն: Բայց դա, ըստ որոշ «ֆեյսբուքյան ակտիվիստների», քիչ է. Oմբուդսմենն իր զեկույցում պիտի գրի` «Կեցցե «Սասնա ծռերի» ապստամբությունը եւ նրանց միացող ըմբոստ ժողովուրդը»: Այդ բացականչությունների մեջ առանձին իմաստ չկա, մանավանդ, եթե դրանք հնչեցնի Մարդու իրավունքների պաշտպանը: Փոխարենը զինված քաղաքական պայքարի հերոսացման եւ դրա շուրջը առասպելներ հյուսելու «թրենդի» մեջ են:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է, որ օպերայում եթե լինի էլ ռեստորան, ապա միայն օպերայի այցելուների համար, եթե կառուցվի շոգեբաղնիք, ապա միայն արտիստների համար, որպեսզի նրանք միշտ լավ «մարզավիճակում» լինեն: «Ֆեյսբուքահայությունը» կամ չի հասկանում, թե ինչ է ասում նախարարը, կամ ձեւ է անում, որ չի հասկանում, եւ հեգնում են՝ «գնանք օպերա, մի կտոր քյաբաբ ուտենք», կամ՝ «մի հատ ծտերին վեկալենք, գնանք օպերայի սաունա»: Քարոզչություն է, որը չի ցանկանում հաշվի նստել փաստերի հետ:

Երբ ինչ-որ բաներ ասվում են օդի մեջ՝ պարզապես «խիզախ ընդդիմադիր» երեւալու համար, դրանց ազդեցությունն իրականում զրո է՝ կասի, կաքլորանա, կգնա: Եվ հակառակը՝ երբ կան փաստեր, ապա դրանց շուրջ անհրաժեշտ չէ լեգենդներ հորինել: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ապօրինի աշխատանքը հօգուտ ՀՀԿ-ի փաստ է, «ՍԱՍ գրուպում» ժողովը փաստ է: Եվ այդ փաստերի դեմ իշխանությունը ոչինչ չի կարող անել՝ նույնիսկ եթե միլիոնավոր քրեական գործեր հարուցի տեղեկատվությունը տարածողների դեմ:

Որքան շատ հայտնաբերվեն նման փաստեր, այնքան լավ: Ինչը չես ասի օդի մեջ խոսակցությունների մասին:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Թանկագին Պ,Աբրահամեան

    Հաճոյքով կը կարդամ ձեր իմաստուն խորհրդածութիւնները բայց այն տպաւորութիւնը ունիմ որ հետզհետէ մեր անգործ եկեղեցականները կ՝ուզէք փոխարինել :
    Կը մտածէք՞ օր մը զանոնք ամփոփել հատորի մը մէջ և վերնագրել
    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ԱՌԱՒՕՏԻ – վստահ եմ օգտուողներ շատ կ՝ըլլան :

  2. Հ.Շ. says:

    Արտակարգ կարեւորութիւն էք տալիս «ֆեյսբուք»ին:

    Հասկանում եմ որ Հայաստանում շատերի համար նա օդասուն կապ է հանդիսանում դուրսի աշխարհի հետ, սակայն լինի այնտեղ կամ այլուր, շատեր նաեւ ուղղակի դադրած են գոյութիւն ունենալէ, իրական իրականութեան մէջ, վերջնականապէս ապաստանելով, լիովին անէանալով՝ այդ համացանցային յիմարութեան շինծու ու
    թեթևսոլիկ իրականութեան մէջ:

    Անոր ալ «թրենդ»ը կ’անցնի, կը տեսնէք:

  3. Լավատես says:

    Եթե հիվանդը չի ուզում բուժվել, նրան բժիշկը դժվարությամբ կբուժի, եթե ազգը չի ուզում ինքնամաքրվել, աստված դժվարությամբ կօգնի մաքրվել այդ ազգին: Ինքնամաքրվել նշանակում է՝ Ա ինչ կատարվում է՝ կատարվում է աստծո կամքով, նշանակում է ոչ մի մահկանացուի այլեւս չաստվածացնել՝ լինի գող սուրբ թե թշնամի կամ բարի ազգ, Բ եկեք ստեղծենք մեր հայ օրենքները, այնպիսի օրենքներ, որ բոլոր հայերի համար՝ անկախ քաղաքացիությունից, կրոնից, սեռից, ուժից, հարստությունից ու խելքից, գող կամ սուրբ լինելուց, բոլորի համար ընդունելի լինեն այդ օրենքները եւ ինքնակամ ու հաճույքով ենթարկվեն այդ օրենքներին ու ենթարկեցնեն մյուսներին: Օրենքը թագավորն է, իսկ քաղաքացին՝ նրա շքախումբը, առանց շքախմբի թագավորը սիրուն փուչիկ է, առանց քաղաքացու կողմից օրենքի պաշտպանության օրենքը նույնպես սիրուն փուչիկ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930