Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Վարչապետ Խոսրով Հարությունյանն` ընդդեմ կառավարության իր իսկ ներկայացրած ծրագրի. «Ա1+» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 23:25

Անկախությունից սկսած Հայաստանն ունեցել է 13 վարչապետ: Հայաստանի անկախությունից մեկ տարի առաջ վարչապետ նշանակված Վազգեն Մանուկյանը անկախությունից հետո պաշտոնավարել է 5 օր: Անկախության առաջին լիարժեք վարչապետը Գագիկ Հարությունյանն էր: Սակայն նրա նշանակումը նախագահի միանձնյա լիազորությունն էր: Հայաստանը դեռեւս Սահմանադրություն չուներ:

Երկրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը նույնպես նշանակվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միանձնյա հրամանագրով: Նրա պաշտոնավարումը համընկավ օգոստոսից մինչեւ հաջորդ տարվա ծանր փետրվար: Հարությունյանի վարչապետությունն աչքի ընկավ այն բանով, որ խորհրդարանում նա հանդես եկավ կառավարության իր իսկ ներկայացրած ծրագրի դեմ: Հենց դրա համար էլ նախագահը նրան հեռացրեց:

Նրան հաջորդեց 35-ամյա Հրանտ Բագրատյանը, որը երկու տարի հետո՝ 1995-ի Սահմանադրության ընդունումից հետո դարձավ Հայաստանի առաջին սահմանադրական վարչապետը: 1995-ի հուլիսի 5-ին ձեւավորված Ազգային Ժողովի գործունեության 4 տարիների ընթացքում Հայաստանում պաշտոնավարեց 4 վարչապետ:

1996-ի նախագահի վիճելի արդյունքներով ընտրություններից հետո նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտոնանկ է անում Հրանտ Բագրատյանին եւ նրա փոխարեն նշանակում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին: Վերջինս պաշտոնավարումից որոշ ժամանակ հետո հակասության մեջ մտավ ուժային նախարարների հետ: Պաշտոնն ստանձնելուց մոտ մեկ ամիս հետո նա փաստացի թողեց վարչապետի նստավայրը եւ հեռացավ Հայաստանից:

Պետությունը մի քանի ամիս մնաց առանց վարչապետի: Միայն 1997-ի փետրվարին Արմեն Սարգսյանն իր դիմումի համաձայն հեռացավ վարչապետի պաշտոնից: Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի վարչապետ է նշանակվում Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս նշանակումը կանխորոշեց Հայաստանի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Աշնանը սուր հակասություններ առաջացան նախագահի մի կողմից եւ մյուս կողմից վարչապետի ու ուժային նախարարներ Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

1998-ի փետրվարին նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ այն պատճառաբանությամբ, որ համաձայն չեն Ղարաբաղի հարցի լուծման նրա գաղափարների հետ: Արտահերթ ընտրություններով վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դառնում է Հայաստանի նախագահ եւ վարչապետ նշանակում որեւէ կուսակցություն չներկայացնող Արմեն Դարբինյանին: Նա ձեւավորեց արհեստավարժների կառավարություն, որը պաշտոնավարեց մինչեւ 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանի ընտրությունները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930