Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավար, ավագանու կազմում ՀՀԿ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերել Տարոն Մարգարյանին ուղղված մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը մտավախություն ունի, որ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ահռելի ունեցվածքում Երեւանի քաղաքապետարանի բյուջեից մաս կա: Նա նաեւ պարոն Մարգարյանին մեղադրում է ապօրինի ճանապարհով հարստանալու մեջ ու քննադատում՝ «Ավելի լավ Երեւան» կարգախոսը՝ ասելով, թե ավելի լավ Երեւանի համար նախ չպետք է գողանաս Երեւանից:
Պարոն Ազարյանը տիկին Փոստանջյանի պնդումները կոռեկտ հայտարարություններ չի համարում. «Ավագանու հարյուրավոր որոշումները խոսում են կատարված գործի մասին, իսկ թե ով ինչ է ասում… ես իրավաբան եմ, խոսում եմ փաստերով, իսկ ով ականջ ու ու աչք չունի, չի կարող տեսնել ու լսել: Դուրս եկեք Երեւան, ամեն ինչ տեսանելի է»:
Անդրադառնալով տիկին Փոստանջյանի մեղադրանքին՝ Տարոն Մարգարյանի՝ ապօրինի ճանապարհով հարստանալու վերաբերյալ, պարոն Ազարյանը շարունակեց. «Կոռեկտ հայտարարություններ չեն, յուրաքանչյուր հայտարարություն իրավապահ մարմիններին է վերաբերում, ես իրավաբան եմ ու չեմ կարող որեւէ բան անհասցե ասել կամ քննարկել, անմեղության կանխավարկած կա, կարելի՞ է նման բաների անդրադառնալ առանց փաստերի: Մարդկանց լեզվի վրա ոսկոր չկա, կարող են շատ բան ասել, բայց դա չի նշանակում, որ դրանց պետք է լուրջ վերաբերել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ