Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնի դիմագիծը ոչ միայն ընկել է այս նորակառույցներով, այլեւ հների վրա հարկեր ավելացնելով». Հայկ Դեմոյան

Ապրիլ 18,2017 22:11

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նոր ավագանու կազմում այլեւս չի լինի: ՀՀԿ խմբակցության ավագանու կազմից պարոն Դեմոյանը հեռանում է որոշակի դժգոհությամբ:

«Առաջադրվեցի, որովհետեւ երեք հիմնական խնդիրներ կային, որոնք ինձ՝ որպես քաղաքացու, հուզում էին: Առաջինը Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներն էին, ինչի համար քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության կարիք կար, ասեմ՝ այս առումով ես շատ գոհ եմ, որովհետեւ հաջողվեց թե՛ Երեւանում, թե՛ արտասահմանում համատեղ միջոցառումներ կազմակերպել:

Երկրորդը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից կանաչ զանգվածի խնամքի ու հարյուրամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով , այդ աշխատանքները նույնպես կատարվեց քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Երրորդը՝ Երեւանի սեյսմիկ անվտանգության հետ էր կապված:

Այս հարցում չեմ կարող դրական բան ասել, որովհետեւ տեսնում եմ ոչ միայն անհատի կամ ավագանու խնդիր, տեսնում եմ խնդիր ավելի լայն հարթության մեջ, լրջագույն անվտանգության խնդիր է, ես սա բարձրաձայնել եմ տարբեր ատյաններում թե՛ անհատապես, թե՛ խմբակային, բարձրաձայնել եմ այս նախադասությամբ՝ ես տեսել եմ երկրաշարժի արհավիրքներ, ես վերապրել եմ դա, պատկերացնում եմ՝ ինչ հետեւանք կարող է սա բերել: Երեւանի եւ մասնավորապես, Երեւանի կենտրոնի հետ կապված հարկերի բարձրացումը կամայական բնույթ է ստանում, կենտրոնական բոլոր փողոցները զերծ չեն այս աղտից, սա համաճարակի նման է. Սայաթ-Նովա, Բաղրամյան, Ամիրյան, Թումանյան, Մաշտոց, չկա 60-70-ականների այդպիսի շինություն, որի վրա մեկ կամ երկու հարկ ավելացված չլինի, սա կատարյալ աղետ է… ով ինչպես կարող է, ով ինչքան ուզում է ավելացնում է, թույլ կամ ուժեղ ցնցման դեպքում մենք առնվազն կզրկվենք բնակֆոնդի մեծ մասից:

Հարկեր ավելացնելու այդ անհագուրդ մոլուցքը, որ հիմա կա, ընդորում՝ խառնիճաղանջ, կենտրոնի դիմագիծը ոչ միայն ընկել է այս նորակառույցներով, այլեւ հների վրա հարկեր ավելացնելով: Մենք չկարողացանք դադարեցնել, կասեցնել դա ու տեսնում ենք՝ ինչ տեմպերով են դրանք շարունակվում: Թույլտվություններն էլ պետք է որոշակի սահմանափակումներ ունենան՝ թե՛ շենքի սեյսմիկ անվտանգության, թե՛ էսթետիկայով պայմանավորված, բայց մենք Երեւանի կենտրոնում տեսնում ենք՝ մեկը կտուրը բացում է, բուխարի ավելացնում ու վեցերորդ հարկում նստած խորոված է պատրաստում»,- Aravot.am-ին ասաց պարոն Դեմոյանը:

Նա հրաժարվեց գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը, մեկնաբանել երեւանցիների կամ քաղաքապետի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի քննադատությունները:

Հիշեցնենք, որ տիկին Փոստանջյանը կարծիք էր հայտնել՝ «Քաղաքի կենտրոնում ուղղակի դեկորատիվ ծաղիկներ տնկելը դեռ բարելավում չէ: Մանկապարտեզների անվճար լինելը նույնպես դեռ բարելավում չէ, որովհետեւ երեխաները եւ աշխատող մայրերը հնարավորություն չունեն հաճախելու մանկապարտեզ, որովհետեւ տարիներ շարունակ մանկապարտեզի հերթերի ներքո են գտնվում: Երեխան դառնում է 6 տարեկան, նույնիսկ ծննդյան օրվանից հերթագրված են լինում, բայց հերթը այդպես էլ չի հասնում»:

Տիկին Փոստանջյանի այս ու այլ քննադատությունների վերաբերյալ պարոն Դեմոյանն ասաց. «Մեր երկրում բազմապիսի խնդիրներ կան՝ խորքային, մակերեսային, եթե ես՝ որպես Հայկ Դեմոյանս, մեկնաբանեմ որեւէ մեկին, ասեմ՝ սա ճիշտ է ասում, սա քննադատում է տեղին կամ անտեղին, ես, ինքնաբերաբար, դառնում եմ ընտրապայքարի մաս, ես չեմ ուզում ներազդել այդ ընտրական գործընթացի վրա, ես ունեի իմ առաքելությունը, ես տեսա՝ որտեղ եմ հաջողեցրել իմ որոշման մեջ՝ դառնալով ավագանու անդամ, ես նաեւ կիսվեցի՝ որտեղ եմ թերացել: Ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն կամ նախապատվություն տալ, ինչը իմ կողմից կոռեկտ չի լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930