Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ջո՞ւր, թե՞ ցիանիդ», «No mining in Amulsar!». Դատական նիստը՝ պաստառներով. (Ֆոտոշարք)

Ապրիլ 18,2017 21:11

Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները արդեն մեկ տարուց ավելի է հայցով դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:

Այսօր վարչական դատարանում հերթական դատական նիստն էր, որին բնապահպանները ներկայացել էին «Ջո՞ւր, թե՝ ցիանիդ». «No mining in Amulsar!» պաստառներով:

Հայցվոր կողմը նոր փորձաքննություն իրականացնելու պահանջով միջնորդություն էր ներկայացրել: Միջնորդության հիմքում դրված էր մի քանի հարցեր՝ արդյոք հանքի շահագործման նախագծի իրագործումը չի խաթարում էկոլոգիական համակարգերի հավասարակշռությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ, նախատեսվո՞ւմ է օգտագործել ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, սննդային շղթաներով փոխանցվող եւ բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, Սեւանա լճի եւ նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր եւ ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, Սեւանա լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր, թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ:

Միջնորդությամբ նաեւ հարց է բարձրացվում՝ հանքի շահագործման տարածքում արդյոք առկա են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների աճելավայրեր, եւ որոնք են այդ բուսատեսակները, ծրագրով նախատեսված գործողությունները բավարա՞ր են այդ բուսատեսակների թվաքանակի կրճատումը եւ դրանց աճելավայրերի վատթարացումը կանխելու համար, եւ մի շարք այլ հարցեր:

Հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Սայադ Բադալյանը դատարանում պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ այն վերացական բնույթի, փաստական հիմնավորումներից զուրկ: Ըստ Բադալյանի, հայցվորը նշում է, որ օրենք է խախտվում, բայց չի նշում օրենքի որ դրույթը, նշում է վտանգավոր նյութի մասին, սակայն չի նշում, թե կոնկրետ ինչ նյութի մասին է խոսքը, ուստի սրանց առնչությամբ վեճ լինել չի կարող:

Դատավորն առաջարկեց հայցվոր կողմն իր նախաձեռնությամբ փորձաքննություն իրականացնի եւ եզրակացությունը ներկայացնի դատարան, որպեսզի այն համեմատվի ներկայումս առկա եւ վիճարկվող պետական փորձաքննության եզրակացության հետ:

Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն էլ հակադարձելով «Լիդիան Արմենայի» պնդմանը, նկատեց՝ «Որպեսզի կարողանանք ապացուցել, որ, ասենք՝ օգտագործվելիք նյութերը վտանգավոր են, բայց կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր են, կամ Սեւանա լիճ թափվող ջրերում բարձր կամ ոչ բարձր տոքսիկ նյութեր են առկա, անհրաժեշտ է փորձաքննություն»:

Ալումյանի խոսքերով՝ «Մենք կարող ենք մասնագիտական կարծիքներ ներկայացնել, բայց եթե բերենք, դատարանում կարող են կասկածներ առաջանան, եւ կրկին փորձաքննություն պահանջվի»: Ալումյանին ի պատասխան դատավորն էլ ասաց. «Իսկ գուցե կասկածներ չլինեն, այլ համընկնի»:

Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ 3 շաբաթից կարող են դատարան ներկայացնել մասնագիտական կարծիքներ: Դատավորը հաջորդ դատական նիստի օր նշանակեց մայիսի 15-ը, ժամը 11:00-ին:

Aravot.am-ի հետ զրույցում «Էկոլոգիական իրավունք»-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն ասաց, որ պատասխանողների այն փաստարկը, որ նոր փորձաքննական եզրակացությունն անդրադարձել է բարձրացված հարցերին, իրականությանը չի համապատասխանում.«Նոր փորձաքննությունը չի անդրադարձել կենսաբազմազանության, Սեւանա լճի վրա եւ ջրային պաշարների վրա ազդեցությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930